Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Սրտիս պարտքը» վերտառությամբ հոդված է հրապարակել ilur.am կայքում, որում, Գագիկ Ծառուկյանի գործած «քաղաքական սխալները» վերագրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակի», կարծիք է հայտնել, թե ԲՀԿ առաջնորդն այս պահին «համաժողովրդական զորակցության, բարոյական աջակցության և գոտեպնդման կարիքն ունի»:
Նշելով, որ հոդվածի վերնագիրը փոխ է առել հայ թատրոնի ամենահանճարեղ դերասան Վահրամ Փափազյանի համանուն գրքույկից, Տեր-Պետրոսյանը հարկ է համարում նկարագրել Գագիկ Ծառուկյանի անցած քաղաքական ճանապարհը իշխող կոալիցիայից մինչև ոչ իշխանական եռյակի գործընկեր, ու նշում․ - «Շատերը չհավատացին Ծառուկյանի անկեղծությանը, ոմանք էլ փորձեցին Ծառուկյանի վարքագծի փոփոխությունը վերագրել նրա անհամաչափ քաղաքական ամբիցիաներին՝ պնդումներ, որոնք երկուսն էլ միանգամայն անհիմն են ու կասկածելի։
Նախ՝ անկեղծության մասին. եթե Ծառուկյանն անկեղծ չէր, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր փափուկ կյանքից և ընտրեր մեր իրականության պարագայում վտանգներով հղի ընդդիմադիր գործունեության բնագավառը։ Միթե՞ նա ծանոթ չէր Խաչատուր Սուքիասյանին բաժին ընկած փորձություններին ու զրկանքներին, որոնք վերջինս կրեց նույնպես իր «անդարդ» կյանքն ու ծաղկուն բիզնեսը վտանգի ենթարկելու, 2007-ին խիզախաբար ընդդիմությանը միանալու և վերջինիս կենտրոնական դեմքերից մեկը դառնալու պատճառով։ Իսկ այժմ՝ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաների մասին։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբիցիայի առկայությունն անընդունելի համարվում քաղաքական գործչի պարագայում։ Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Իսկ երբ ասում են, թե այդ ճշմարտությանը դեմ չեն, բայց քաղաքական գործչի ամբիցիաները պետք է հիմնավորված լինեն, այսինքն համապատասխանեն իր ինտելեկտուալ մակարդակին ու անձնական որակներին, ապա դա էլ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ժողովրդի որոշելիքն է»:
Շարունակելով՝ ՀԱԿ առաջնորդը նշում է, որ «իհարկե» այս ընթացքում Ծառուկյանը սխալներ թույլ է տվել, որոնց մասին Հայ ազգային կոնգրեսը բարձրաձայնել է հրապարակորեն, այդ թվում հիշատակելով 2014թ. ապրիլի 28-ին նշանակված հանրահավաքի չկայացումը, անցյալ հոկտեմբերի «հուժկու հանրահավաքների շղթայի» դադարեցումը, ակտիվ գործողությունների փոխարինումը «քաղաքական պայքարի իմիտացիայով» (Համաժողովրդական շարժման շտաբների անժամանակ ձևավորում, փետրվարի 5-ի համաժողովի գումարում)։
«Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի», - կարծիք է հայտնում Տեր-Պետրոսյանը՝ հավելելով. - «Թե՛ Ծառուկյանին, թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ին, և թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները»։
Ընդհանրացնելով՝ ՀԱԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ՝ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն համարում է այն, որ՝ «նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի և առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած, անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»։
Տեր-Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ հայկական բուրժուազիայի մյուս ներկայացուցիչները վաղ թե ուշ հետևելու են նրանց օրինակին, քանի որ այլապես «և՛ երկրի, և՛ իրենց ապագան վտանգված է լինելու»։
«Ծառուկյանի եւ Սուքիասյանի մասին այստեղ ասվածը սոսկ պատմական իրողության արձանագրում չէ, որովհետեւ վստահ եմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը քաղաքականության մեջ դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել», - նշում է ՀԱԿ առաջնորդը՝ հավելելով․ - «Չգնահատել այս ամենը, կնշանակի երախտամոռ գտնվել պետական մեքենայի ծանրագույն հարվածների և համակիրների կրած բռնաճնշումների պատասխանատվության բեռի տակ հայտնված Ծառուկյանի նկատմամբ, ով այս պահին համաժողովրդական զորակցության, բարոյական աջակցության եւ գոտեպնդման կարիքն ունի»։
«Ես և Հայ ազգային կոնգրեսը երբևէ չենք ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որևէ անձի կամ կազմակերպության երախտիքը՝ ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները։ Այնպես որ ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը», - հոդվածը եզրափակում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: