Իշխանության և ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը, բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով: Չորեքշաբթի օրը այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, և անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում», - հայտարարում է ԲՀԿ-ի առաջնորդը՝ շարունակելով․ - «Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ»:
«Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով», - ասված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ծառուկյանի հայտարարությունում, որը տարածել է ԲՀԿ-ի առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Փետրվարի 20-ի հանրահավաքը՝ չեղյալ
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհուրդը՝ հայտնելով, որ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից»` որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:
Ծառուկյանը չի հեռանում քաղաքականությունից
Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ քաղաքականությունում և չի հրաժարվում պատգամավորական մանդատից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ-ի առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով՝ Ծառուկյանը իր հայտարարությունում արդեն ասել է, որ իր բոլոր քայլերը բխում են ժողովրդի շահերից, նրա համար յուրաքանչյուր մարդու կյանք շատ ավելի թանկ է, քան ցանկացած ուրիշ որևէ բան։
Խոսնակը ասաց, որ Ծառուկյանի կարծիքով՝ առկա խնդիրները հնարավոր է քննարկել և լուծել միայն օրինական ու քաղաքական ճանապարհով, այլապես բոլորն էլ գիտեին, թե ինչի էին հանգեցնելու իրադարձությունները։
Հարցին՝ արդյոք Ծառուկյանի գերխնդիրը շարունակո՞ւմ է մնալ իշխանափոխությունը, Տոնոյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի առաջնորդի գերխնդիրը շարունակում է մնալ ժողովրդի շահը:
Արդյոք շարունակո՞ւմ է վերջին ելույթում իր հնչեցրած կարծիքներին հավատարիմ մնալ Գագիկ Ծառուկյանը՝ այս հարցին էլ Իվետա Տոնոյանը արձագանքեց, որ ելույթում ամեն ինչ ասված է։
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին՝ ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակը ասաց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել։
Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները խիստ լարվեցին այն բանից հետո երբ Սարգսյանը Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում խստորեն քննադատեց ԲՀԿ առաջնորդին։ Մոտ 20 րոպեանոց ելույթում, շարունակ կասկածի տակ դնելով Ծառուկյանի մտավոր ունակություններն ու նրան մեղադրելով քաղաքական տգիտության մեջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդը քաղաքական դաշտի համար դարձել է չարիք։
«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից», - հայտարարել էր նախագահը:
Սարգսյանի այս գնահատականների պատասխանը չուշացավ։ Ընդամենը մի քանի ժամ անց, Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նիստ հրավիրեց, որի ժամանակ պայքարի և իշխանություններին հեռացնելու կոչ արեց։
«Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից», - հայտարարել էր ԲՀԿ-ի առաջնորդը և ամփոփել․ -«Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում»։
Պայքարի այս կոչերը հնչեցնելուց ընդամենը 120 ժամ անց՝ այսօր առավոտյան, Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ, որի հիմնական ասելիքը հետևլայն էր․ ԲՀԿ առաջնորդը չի ցանկանում, որ արյունահեղություն լինի և նախընտրում է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։