Հանրապետականը քաղաքականության մեջ չի բացառում ոչինչ, անգամ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության եզրեր գտնելը, պատասխանելով «Ազատության» հարցին, այսօր հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Մեր քաղաքական թիմը մշտապես նշել է, և նաև նշում է՝ այն բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ովքեր կկիսեն այն հիմնական ուղղությունները, ծրագրային առումով, որը վերաբերում են մեզ, այնուհետև մենք էլ կքննարկենք այն պատկերացումները, որը կունենան իրենք, կարող է նաև լինել [համագործակցություն]», - նշեց Սահակյանը:
Այսօր բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ անող Ծառուկյանը ընդամենը հինգ օր առաջ հաստատակամ էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով հասնելու հարցում, ժողովրդին էլ հորդորում էր պատրաստվել պայքարի, քանի որ իր կյանքի ամենամեծ գործը համարում էր «չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»: «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի այս հայտարարությունները Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի արձագանքն էին: Հավաքելով կուսակիցներին՝ Հանրապետության նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը Ծառուկյանին կոչել էր «կեղծ քաղաքական գործիչ», անդրադարձել նրա կրթական ցածր մակարդակին, անգամ հնչեցրել էր նրա մականունը: Շատ հանրապետականների՝ կրթության նախարար Արմեն Աշոտյանի, պատգամավոր Կարեն Ավագյանի համար Սարգսյանի ելույթը առիթ հանդիսացավ կրկնելու կուսակցության ղեկավարի այդ որակումները:
Իրավիճակը մեղմելու՝ Ծառուկյանի այսօրվա փորձից հետո հանրապետականները դադարել են «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի հասցեին մինչև երեկ շռայլվող ածականները հնչեցնելը:
Այսօր Եվրամիություն – Հայաստան համագործակցությանը նվիրված միջոցառման ժամանակ Ծառուկյանի ամենաակտիվ քննադատներից Արմեն Աշոտյանը հրաժարվել է անդրադառնալ ներքաղաքական խնդիրներին:
«Տվյալ ձևաչափի գրավչությունը ինձ համար այն հանգամանքի մեջ էր, որ այն, ըստ իս, չպետք է վերածվի ասուլիսի Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ ներքաղաքական գնահատականների շրջանակներում: Կարծում եմ, մենք լրիվ ուրիշ բանի համար ենք այսօր հավաքվել», - ասել է նա:
Պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ չներկայացրեց իր կարծիքը՝ արդյո՞ք Ծառուկյանի խոսքը գործ չդարձավ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպումից հետո: Դաշնակցության տեղեկություններով նման հանդիպում տեղի է ունեցել: «Բարգավաճ Հայաստանը», Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, նման տեղեկություններ չունի:
«Ես չէի էլ ցանկանա մեկնաբանել, քանի որ այլ տեղեկատվություն չունենք՝ երեկվա հանդիպումն էր պատճառը, թե մեկ այլ պատճառ էր: Կարծում եմ շատ ավելի ճիշտ և հստակ ձեզ կներկայացնեն հենց «Բարգավաճ Հայաստան» քաղաքական թիմի անդամները», - նշեց Հովհաննես Սահակյանը:
«Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Ծառուկյանի՝ առճակատումից խուսափելու քայլը, Սահակյանը, մասնավորապես, ասաց․ - «Ես կարծում եմ որևիցե մեկին որևիցե առճակատում կամ ընդհարում կամ բախում լավ տեղ չի տանի»:
«Բարգավաճ Հայաստանի» գործընկերներից Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, նշելով, թե՝ «ըմբռնումով է մոտենում» ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին ԲՀԿ հայտարարությանը: ՀԱԿ-ը, սակայն, չի անդրադարձել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: ԲՀԿ-ի մյուս գործընկերը՝ «Ժառանգությունը», առայժմ լուռ է:
Ծառուկյանին քաղաքական դաշտից մաքրելու՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեցին ԲՀԿ հինգ պատգամավորներ, չորսը՝ Ազգային ժողովի նախագահին տեղեկացնելով, որ լքում են «Բարգավաճ Հայաստանը»: Հինգերորդը՝ Մելիք Մանուկյանը, մանդատից էր հրաժարվել: Մանուկյանը դեռ միտքը չի փոխել, դիմումը հետ չի վերցրել՝ ինչի իրավունքն ունի: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Ազատությանը» փոխանցեց․ Գալուստ Սահակյանը չի վերանայել Ազգային ժողովի աշխատակազմին տված իր հանձնարարականը՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել նախորդ նստաշրջանում խորհրդարանի աշխատանքներից ամենաշատ բացակայած պատգամավորների հարցը: Ցուցակը, հիշեցնենք, գլխավորում է Գագիկ Ծառուկյանը: Ուսումնասիրությունը, Բաբայանի խոսքով, շարունակվում է, չի ավարտվել: Այնուհանդերձ, ժամանակը ցույց կտա՝ Գալուստ Սահակյանը հանդես կգա՞ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությամբ, թե՞ ԲՀԿ ղեկավարի տոնայնության՝ այսօրվա մեղմացումներից հետո ձեռնպահ կմնա այդ քայլից: