Մատչելիության հղումներ

Մոդեստ Կոլերով․ Մոսկվան ոչ մի կերպ չի միջամտի Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին


Մոդեստ Կոլերով․ Մոսկվան ոչ մի կերպ չի միջամտի Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00

«Ազատություն»․ - Մոդեստ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք գալ մեր ստուդիա և պատասխանել մեր հարցերին: Ասացեք, խնդրեմ, այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր Հայաստանում, այդ մասին Մոսկվայում ինչ-որ բան հայտնի՞ է: Հարցնում եմ, որովհետև ռուսական մամուլը առհասարակ չի լուսաբանում այդ թեման:

Մոդեստ Կոլերով․ - Դե, ռուսական մամուլը առհասարակ հետաքրքրություն ներկայացնող երևույթ չէ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն էլ ընդհանուր առմամբ հետաքրքրության կենտրոնում չէ, բացի այդ՝ մասնագետներին, ովքեր ունակ են ադեկվատ դատողություններ անել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, կարելի է մատների վրա հաշվել: Իսկ մյուսները, եթե նույնիսկ փորձեն այդ մասին գրել, մատից են նյութ ծծելու: Բայց այն ժամանակվանից, ինչ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանում է ապրում․․․

«Ազատություն»․ - Իսկ նա Ռուսաստանո՞ւմ է ապրում:

Մոդեստ Կոլերով․ -․․․Այն ժամանակվանից, ինչ նա, որպես խոշոր ընկերության խորհրդի անդամ, ապրում է Ռուսաստանում և պարբերաբար շփվում է ռուսաստանյան իշխանությունների ներկայացուցիչների հետ, նրա դիրքորոշումների մասին այստեղ տեղյակ են և թիրախավորված կերպով հետևում են զարգացումներին, և պետք է ասել, որ Քոչարյանի տնտեսական վերլուծությունները՝ իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ, որոնք նա պարբերաբար հրապարակում էր, հիմնականում ճշգրիտ էին և ադեկվատ: Եվ, ըստ էության, հենց այդ վերլուծություններն էլ հստակորեն ախտորոշեցին Տիգրան Սարգսյանի գործողությունները: Այժմ, կարծում եմ, նա բավարար առիթներ ունի իշխանություններին իր մեկնաբանությունները ներկայացնելու, բայց ես կասեի, որ ուղղակի կապ՝ Հայաստանում ընդդիմության գործունեության և այստեղ՝ Մոսկվայում, Քոչարյանի զբաղեցրած դիրքի միջև, չկա և չի կարող լինել:

«Ազատություն»․ - Այսինքն, դուք կապ չե՞ք տեսնում այսօր Գագիկ Ծառուկյանի, ամբողջ այս ընդդիմադիր եռյակի ու Քոչարյանի միջև:

Մոդեստ Կոլերով․ - Չեմ կապում: Ինչ էլ որ այդ առիթով ասի երկրորդ նախագահը, ընդդիմադիր եռյակ դաշինքի գործունեությունը չափազանց ծանրաբեռնված է տեղական, հայկական, լոկալ իրադարձություններով․․

«Ազատություն»․ -Լավ, իսկ, ասացեք խնդրեմ, Հայաստանում առհասարակ ընդունված է ամեն ինչում փնտրել Մոսկվայի ստվերը: Այլ կերպ ասած՝ այնտեղ շատ տարածված է այն կարծիքը, ավելին՝ վստահություն կա, որ ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ էլ որևէ ընդդիմադիր ուժ, չեն կարող լուրջ հաջողությունների հասնել առանց Մոսկվայի աջակցությունը ստանալու:

Մոդեստ Կոլերով․ - Մինչև հիմա հո հասե՞լ են:

«Ազատություն»․ - Ի՞նչ, կներեք:

Մոդեստ Կոլերով․ - Դե՝ մինչև հիմա հո հասե՞լ են:

«Ազատություն»․ - Ի՞նչ է նշանակում՝ հասել են:

Մոդեստ Կոլերով․ - Ինչ-ինչ հաջողությունների հասել են, կենդանի են, չէ՞:

«Ազատություն»․ - Այսինքն դուք համարում եք, որ ոչ մի աջակցություն․․․

Մոդեստ Կոլերով․ - Աջակցությունը եղել է թիրախավորված, այնպես, ինչպես թիրախավորված է եղել Հայաստանի մասին տեղեկատվությունը: Եվ, օրինակ, Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից արժեթղթերի թողարկման այդ տխուր պատմությունը, որով անմիջապես վճարվեց պետական պարտքը, թելադրված էր ոչ թե այդ կառավարության՝ իր պարտքը վճարելու կարողությամբ, խոսքը վերաբերում է Ռուսաստանի հանդեպ ունեցած թարմ, արագ, ակտուալ պարտավորություններին, դա ի՞նչ տեսակ աջակցություն է: Դա ավելի շուտ անբարեխիղճ պարտապան է:

«Ազատություն»․ - Այդ դեպքում այսպիսի հարց՝ Ռուսաստանը չի՞ վախենում կորցնել Հայաստանին, որպես Հարավային Կովկասում միակ ռազմավարական գործընկերոջ:

Մոդեստ Կոլերով․ - Ո՞ր դեպքում:

«Ազատություն»․ - Դե՝ իր այդ վերաբերմունքի, անուշադրության, նույնիսկ՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ հակակրանքի պարագայում: Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանն այսօր առհասարակ չի հետաքրքրում:

Մոդեստ Կոլերով․ - Իսկ դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ հետաքրքրություն կոչվածը:

«Ազատություն»․ - Դե՝ իրական աջակցություն, իրական տնտեսական ներդրումներ, հետաքրքիր տնտեսական ծրագրեր:

Մոդեստ Կոլերով․ - Իսկ դուք կարծում եք, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը դա ներդրում չէ՞:

«Ազատություն»․ - Ոչ, դա ավելի շուտ քաղաքական պրոյեկտ է:

Մոդեստ Կոլերով․ - Քաղաքական պրոյեկտ, որը ներդրումների հետ կապված չէ՞:

«Ազատություն»․ - Դե՝ առայժմ դրանց մասին քիչ է խոսվում:

Մոդեստ Կոլերով․ - Իսկ դուք գերադասում եք, որ բոլոր ներդրումները կրեն այդ հակասական բնույթը՝ ինչպես ձեզ մոտ է ընդունված ասել՝ «գույք պարտքի դիմաց» սխեմայո՞վ:

«Ազատություն»․ - Լավ, այսպիսի հարց տամ: Այն ամենն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հայ վերլուծաբանները որակում են աննախադեպ իրավիճակ: Դա ի՞նչի կարող է հանգեցնել, ի՞նչ վտանգներ եք տեսնում: Կարո՞ղ են արդյոք լուրջ բախումներ լինել, աղետալի հետևանքներ, մարդկային զոհեր:

Մոդեստ Կոլերով․ - Այ սա՝ հետաքրքիր խոսակցություն է, շնորհակալ եմ նման լուրջ մոտեցման համար: Նախ, կուզենայի ասել, որ հայ վերլուծաբանները ճիշտ են՝ սա իսկապես աննախադեպ իրադրություն է: Որովհետև եթե կարդում ենք այն, ինչ նրանք գրել են անցած 20 տարիների ընթացքում, ապա այսպիսի իրադարձություններ առհասարակ չէին կարող տեղի ունենալ: Գրում էին՝ խնամի-բարեկամ են, բիզնես գործընկերներ են, քաղաքական գործընկերներ են և այլն: Նրանց բոլոր այդ վերլուծությունները, ինչպես ձեզ մոտ են դրանք անվանում, բացառում էին այսօրվա իրադարձությունները, բայց դրանք տեղի ունեցան:

«Ազատություն»․ - Այո, դրանք տեղի ունեցան:

Մոդեստ Կոլերով․ - Հետևաբար, այս 20 տարիների ընթացքում արված այդ անալիզները անկապ էին: Հիմա՝ ինչի՞ կարող են հանգեցնել զարգացումները․ Հայաստանի, որպես կիսապատերազմական երկրի պայմաններում, Հայաստանի, որպես փակ պաշտպանական տարածքի, որպես խոր և ոչ խոր թիկունքի առկայության պայմաններում, անընդհատ շարունակվող և մշտապես մարդկային կյանքեր խլող ճակատի առկայության պայմաններում սա կհանգեցնի Հայաստանի պարտությանը՝ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հակամարտությունում:

«Ազատություն»․ - Դուք ուզում եք ասել, որ ներքաղաքական այս իրադարձությունների ֆոնին կարող են նաև լինել ինչ-ինչ իրադարձություններ սահմանի՞ն:

Մոդեստ Կոլերով․ - Ես սովոր եմ լրջորեն ընդունել խոսքերը: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մոտավորապես հետևյալը՝ ինձ պատերազմ է հայտարարվել, և ուրեմն պետք է ողջ երկիրը ոտքի կանգնի և գահընկեց անի այս իշխանություններին: Կարծում եմ, նաև, որ ցանկացած ներքաղաքական քաոս, քաղաքացիական հակամարտություն, անկախ այն բանից՝ դա կառավարվող, թե անկառավարելի քաոս է, կհանգեցնի իշխանության թուլացման, միգրացիայի աճի, կայունության անկման, տնտեսական ակտիվության կրճատման, բյուջետային եկամուտների կտրուկ նվազման, չնայած այն բանին, որ գուցե ինչ-որ մեկից կսկսեն ինչ-որ հավելյալ հարկեր հավաքել:

«Ազատություն»․ - Այսօրվա ընդդիմությունը իշխանության նկատմամբ հաղթանակ տանելու շանսեր ունի՞:

Մոդեստ Կոլերով․ - Գործող իշխանությունների դեմ պայքարի պարագայում, խոսքը վերաբերում է կոշտ իշխանություններին՝ ինչպիսին է Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը կարող է իշխանության գալ միայն վարչական հորիզոնական ոչնչացման պարագայում, երբ իշխանությունը կաթվածահար վիճակի մեջ է դրվում և փլուզվում է, իսկ տատանվող բյուրոկրատիան մի ճամբարից մյուսն է անցնում:

«Ազատություն»․ - Առայժմ մենք տեսնում ենք միայն փախուստ Ծառուկյանի ճամբարից: Իսկ Մոսկվան կմիջամտի այդ հակամարտությանը, եթե այն հանգեցնի բախումների: Եվ այդ միջամտությունը ի՞նչ բնույթ կունենա:

Մոդեստ Կոլերով․ - Մոսկվան ոչ մի կերպ չի միջամտի:

«Ազատություն»․ - Ոչ մի պարագայո՞ւմ:

Մոդեստ Կոլերով․ - Մոսկվան խաղաղության կոչեր կհնչեցնի, կփորձի ուժերը ներածին չափով, կամ իր ունեցած վստահության մանդատի շրջանակներում, եթե այդպիսի մանդատ լինի, հակամարտող կողմերին նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ, բայց կարծում եմ, նաև, որ հայաստանյան քաղաքական վարվելակարգում ընդունված չէ դրսից միջնորդների հրավիրել:

«Ազատություն»․ - Այսինքն, այդպիսի բան չի լինի:

Մոդեստ Կոլերով․ - Չի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG