Երեկ ուշ երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի և Արաբկիրի տարածքային գրասենյակների ղեկավարները, Շենգավիթ համայնքից՝ կուսակցության մեկ ներկայացուցիչ, խուզարկություն է իրականացվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում։
Լուրեր են տարածվել նաև, որ խուզարկություն է իրականացվել ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տանը, մինչդեռ պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում, Քննչական կոմիտեից էլ մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով, որ պատգամավորի տղան կասկածվում է 2014 թվականին քաղաքացու առևանգման մասնակցելու մեջ և այդ քրեական գործի շրջանակներում գործողություններ են կատարվում։
ԲՀԿ տարածքային գրասենյակների ղեկավարներին բերման ենթարկելու հետ կապված ոստիկանությունից փոխանցեցին, որ Նոր Նորքի գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը ապօրինի զենք է կրել: Նա այժմ ձերբակալված է։
Արաբկիրի գրասենյակի ղեկավար Արման Չատինյանը բերման է ենթարկվել ընտանեկան վեճի և կնոջը ծեծի ենթարկելու պատճառով։
Շենգավիթ վարչական շրջանից բերման ենթարկված «Բարգավաճ Հայաստանի» անդամ Գայանե Քոչարյանն էլ մեղադրվում է անչափահասի ներգրավմամբ գողություններ կատարելու մեջ։ Ընդ որում, բոլոր այս դեպքերում Ոստիկանությունը բացառում է կապը քաղաքական վերջին իրադարձությունների հետ։
«Բարգավաճ Հայաստանում» մինչդեռ հակառակն են պնդում։ Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք իշխանություններից այլ բան չէին էլ սպասում: Հակադարձելով իրավապահներ հայտարարություններին, թե իրենք կանխարգելիչ քայլեր են անում, Ուրիխանյանը պնդում է՝ իրականում իշխանությունները կանխարգելում են ազատ քաղաքական դիրքորոշում, խոսք հայտնելու գործընթացը։
«Ակնհայտ էր, որ քաղաքակրթությունից և բարեկիրթ գործելաոճից խոսողները պիտի անցնեն վարչական ռեպրեսիաների և արդեն կարծես թե թշնամանքի ու պատերազմական գործողությունների տիրույթ են տեղափոխել այն ամենը, ինչ տեղի էր ունենում քաղաքական բովանդակության շուրջ», - ասաց ԲՀԿ խոսնակը:
Երեկ խուզարկություն է իրականացվել ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Դավիթաշենում գտնվող հյուրանոցի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած 4 մարմնավաճառներ։
Ռուբեն Գևորգյանը մինչդեռ «Ազատության» հետ զրույցում ոստիկանության գործողությունները ճնշում որակեց, ասաց, որ հյուրանոցը բարձրակարգ է, իսկ ոստիկանները 50-60 հոգով այն շրջապատել են և սենյակներում ստուգումներ անցկացրել։
«Մանրավաճառները դրանք ամեն հյուրանոցում էլ կան, դու չես կարող թեստ անել կամ ստուգել, թե ում հետ են այցելում, ում հետ չեն այցելում: Ոնց կարելի ա խանգարել մարդկանց անդորրը, որոնք վճարել են: Բարձրակարգ հյուրանոց է, որտեղ տարբեր երկրներից դեսպաններ, իշխանավորներ եկել հանգստացել են և հիացած գնացել են՝ հյուրանոցիշքեզ սենյակներից, ամեն ինչից»։
«Երևան քաղաքի բարձրակարգ հյուրանոցներից է, ինտելեկտով բարձր, պարզապես մարդիկ սևացնելու մի ձև են գտնում, դրա համար էլ հատկապես ուղղորդել են հյուրանոցի վրա, որպեսզի կարողանան սևացնել», - ասաց ԲՀԿ պատգամավորը:
Գևորգյանը կարծում է, որ սա պետական մակարդակով մարդու իրավունքների ոտնահարման օրինակ է: Նա շեշտեց, որ թերևս իշխանություններին թվում է՝ այս ձևով իրեն կարող են ճնշել քաղաքական հայացքների համար, բայց դա չի ստացվի։
«Գիտեք ինչ, կարող է իրենց գլխի մեջ շատ բան է պտտվում, բայց Ռուբեն Գևորգյանը ունի տեսակ, դա Ծաղիկ Ռուբո տեսակն ա, որը հենց այնպես էդ անվանումը ձեռք չի բերվել: Էդ անվանումը անցել է ծանր ճանապարհ՝ սկսած գորշ պատերից մինչև մեր էս բաց, լուսավոր աշխարհը էսօրվա դրությամբ, որում գտնվում ենք ու հայտնվել ենք: Ես էնքան եմ կարծրացել, ես երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել, երբևիցե 4 պատս փոխող անձնավորություն չեմ եղել», - ասաց Ռուբեն Գևորգյանը: