Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը:Դատարանը հետազոտում է գործին կցված տեսանյութերը:
Այսօր Արտակ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը իր հայտարարության մեջ նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կողմից կրակ է արձակվել, որի հետևանքով վիրավորվել է Արտակ Բուդաղյանը և առնվազն մեկ կրակոցի հետևանքով գնդակը դիպել է Ավետիք Բուդաղյանին:
Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ իրենք չեն ժխտում, որ կրակոցն արձակել է Տիգրան Խաչատրյանը այդ ուղղությամբ:
Դատարանում դեռ շարունակվում է տեսաձայնագրության հետազոտությունը: Հիմնականում կողմերը հակադիր կարծիքներ ունեն Ավետիք Բուդաղյանին մոտեցող մեքենայի դրվագի հետ կապված: Հայկ Ալումյանն իր հայտարարության մեջ նշեց, որ այդտեղ քաշքշուկ է տեղի ունենում, մինչդեռ տուժող կողմի ներկայացուցիչները հակառակն են պնդում:
Տիգրան Խաչատրյանն այսօրվա նիստին չէր ներկայացել որպես վկա, թեև նախորդ նիստին որոշում էր կայացվել նրան բերման ենթարկելու մասին: Նրա մոր՝ Լորետա Բարսեղյանի բացատրության մեջ նշվում էր, որ Տիգրան Խաչատրյանը Հայաստանում չէ, գտնվում է Ռուսաստանում: Այդ բացատրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Հայկ Ալումյանը՝ նշելով, որ բացատրության մեջ գրված չէ, թե Խաչատրյանը բացակայում է Հայաստանից, այլ միայն նշված է, որ նա սովորում է Ռուսաստանում և չի գտնվում իր բնակության վայրում:
Մերի Սողոմոնյան, Գորիս