Մատչելիության հղումներ

Դատարանը Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու հիմքեր չի գտել


Դատարանը Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու հիմքեր չի գտել
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ անցած տարվա հունիսին տեղի ունեցած արյունալի միջադեպի առնչությամբ ոչ քննչական մարմինն ու դատախազը, ոչ էլ դատարանը նախկին մարզպետին քրեական հետապնդման ենթարկելու հիմքեր չեն գտել։

Նախ քննիչն է որոշել Սուրիկ Խաչատրյանին չհետապնդել, այնուհետև դատախազն ու Արաբկիրի դատարանը մերժել են այս որոշումը չեղյալ համարելու՝ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդների դիմումը։

Այնինչ Բուդաղյաններն ու փաստաբան Հայկ Ալումյանը համոզված են, որ նախկին մարզպետի այդ օրվա վարքը քննության առնելու համար պետք է քրեական գործ հարուցվի առնվազն չորս հոդվածների հատկանիշներով՝ շորթում, ծեծ, ապօրինի զենք-զինամթերք պահելն ու զենքը պահելու կանոնները խախտելը։

Փաստաբանը «Ազատության» հետ զրույցում հիմնավորեց, որ նախ այդ օրվա արյունալի իրադարձությունների պատճառը եղել են Ավետիք Բուդաղյանի բիզնեսի հետ կապված Սուրիկ Խաչատրյանի պահանջները.

«Որ Գորիսում իրենք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում առանց համաձայնեցնելու մարզպետի հետ, առանց մարզպետի «դաբրո»-ի, առանց մարզպետին բաժին հատկացնելու»,- նշեց Ալումյանը.- «Ավետիք Բուդաղյանն այսօր չկա, որպեսզի այդ ցուցմունքները տա, բայց Ավետիք Բուդաղյանը մինչև մահանալը չէ՞ որ այդ ավտոմեքենայի դեպքից հետո եկել է տուն ու այնտեղ որոշ մանրամասներ պատմել»։

Ըստ Ալումյանի, Ավետիք Բուդաղյանը նաև պատմել է, որ մեքենայի մեջ իրեն ծեծի է ենթարկել հենց Սուրիկ Խաչատրյանը։ Նախաքննական մարմինի վարկածում, մինչդեռ նշված է, որ ծեծողը եղել է նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ծեծել է առանց Սուրիկ Խաչատրյանի թույլտվության, երբ Բուդաղյանը անպարկեշտ է արտահայտվել մեքենայի մեջ, իսկ մարզպետը իրավիճակը հարթողն է եղել։

Հայկ Ալումյանը հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞ւ են Բուդաղյանները, մեքենայի միջադեպից հետո Խաչատրյանի տան մոտ գնալով, հենց պաշտոնական վարկածով՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի հասցեին, երբ ծեծող թիկնապահը նրանց առջևում կանգնած է եղել, ինչո՞ւ է թիրախը եղել Սուրիկ Խաչատրյանը։

«Հետո դուք պատկերացնո՞ւմ եք, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ, Սուրիկ Խաչատրյանի հրավերով այդ ավտոմեքենա նստած անձնավորությանը առանց Սուրիկ Խաչատրյանի հրահանգի նրա թիկնապահը իրեն թույլ տա հարվածել... անտրամաբանական է»,- նշեց Ալումյանը։

Ինչ վերաբերում է նախկին մարզպետի ապօրինի զենք-զինամթերք կրելու մասին Բուդաղյանների պնդումների հիմնավորվածությանը, ըստ փաստաբանի, այդ մասին վկայում է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների զրույցի ձայնագրությունը։

«Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկը բացի այն, որ նկարահանում էր, նաև ձայնագրում էր ձայնը։ և այսօր մենք ունենք խոհանոցում 8 հոգու խոսակցություններ, այդ խոսակցություններից ակնհայտ երևում է, որ խոսում են ապօրինի զենքերը թաքցնելու մասին, խոսում են այն մասին, թե զենքերից քանիսն են ապօրինի և քանիսը օրինական, խոսում են ինչ-որ զենքերի մասին, որոնք հետագայում Սուրիկ Խաչատրյանի տնից քննիչները այդպես էլ չառգրավեցին։ Նույնիսկ այսպիսի արտահայտություն կա, ասում են՝ «ինչի ո՞ր զենքն ա օրինակա՞ն, որ...»։ Դեռ մինչև դեպքը, երբ դեռ այն լարված իրավիճակն է, որ իրենք սպասում են, որ կարող է Բուդաղյանները գան, կանանցից մեկը մեղադրում է Սուրիկ Խաչատրյանին, թե ինչո՞ւ այդպես վարվեց Ավետիք Բուդաղյանի հետ... Մի՞թե սա չէ ապացույցներից մեկը, որ Սուրիկ Խաչատրյանն է խփել Ավետիք Բուդաղյանին»,- ասաց Հայկ Ալումյանը.- «Կամ Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը իբրև թե խուզարկություն է կատարվել, ու իբրև թե զենք չի հայտնաբերվել բացի օրինական զենքերից... Տեսեք, պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ խուզարկություն տեղի չի ունեցել։ Գրվածը ոչ այլ բան է, քան պաշտոնական կեղծիք»։

Որովհետև, ըստ փաստաբանի, արձանագրության համաձայն խուզարկությունը իրականացվել է ընդամենը մեկ քննիչի կողմից և տևել է մոտ կես ժամ, ինչը Սուրիկ Խաչատրյանի հսկայական առանձնատան պարագայում Հայկ Ալումյանը բացառում է։

«Այսօր երբ ասում են, որ ապացույցներ չկան, կամ ապացույցները բավարար չեն, դա հենց նրա համար է, որ քննությունը միտումնավոր գնացել է այնպես, որ այնտեղ, որտեղ պետք էր որ ապացույցը ձեռք բերվեր, ձեռք չի բերվել»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով , որ ի սկզբանե գործի քննությունը ընթացել է նախկին զինդատախազ, ներկայում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ուղղորդված սցենարով, որի նպատակն է եղել արդարացնել Խաչատրյանների գործողությունները։

Այնուհանդերձ, Բուդաղյանների կողմը մտադիր է Սուրիկ խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել բոլոր ատյաններին։

Արյունալի միջադեպի գործով այսօր միակ մեղադրյալը սպանվածի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանն է, ով մեղադրվում է Խաչատրյանների ընտանիքին սպառնալու մեջ։ Իսկ Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ նախկինում մեղադրվող, ապա ինքնապաշտպանության հիմնավորմամբ բանտից ազատված Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը [Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը] գործում ներգրավված են որպես վկաներ։

«Թույլատրելի բառապաշարի մեջ համապատասխան բառ չեմ գտնում, ավելի լավ է չմեկնաբանեմ»,- եզրափակեց Ալումյանը։

Գորիսի նախկին քաղաքապետ, Սուրիկ Խաչատրյանի հետ մշտապես պայքարի մեջ գտնվող Սամվել Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում զարմացած չէր այս իրավիճակից։

«Այս երկրում, այո, այդպես է, հանցագործները, որպես կանոն, իշխանության կողմից խրախուսվում են... Այսպես է, քանի այս ռեժիմը կա, արդարության մասին մտածելը կլինի զավեշտալի»,- նշեց Հարությունյանը։

XS
SM
MD
LG