Մատչելիության հղումներ

Սյունիքի դատախազ․ «Չեմ կարծում, որ Սուրիկ Խաչատրյանն անպատիժ է մնում»


«Չեմ կարծում, որ Սուրիկ Խաչատրյանը անպատիժ է մնում»
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

Սյունիքի դատախազի պնդմամբ՝ Սյունքիում հանցագործությունները բացահայատելու խոչընդոտներ չկան։

Անցյալ ամառ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանություններից հետո Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանն, այդուհանդերձ, բավարար է գնահատում մարզում հանցավորության դեմ պայքարը։

«Ազատության» հետ զրույցում Աֆանդյանը պնդեց, որ որևէ խնդիր չունեն հանցավորության դեմ պայքարելու։

Հարցին, թե Գորիսում հունիսի 1-ից հետո հանցավորության մակարդակը ինչպիսի՞ն է, դատախազը պատասխանեց.- «Ընդհանուր նորմալ է և որևէ լարվածություն, ըստ էության, չկա»։

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին կարճ ժամանակ կալանքի տակ պահելուց հետո ներկայիս գլխավոր դատախազ, նախկինում՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային պատճառաբանություններից հետո ազատեցին, փոխարենը սպանված Ավետիք Բուդաղյանի զինվորական եղբորը մեղադրեցին տեղի ունեցածի մեջ:

Սուրիկ Խաչատրյանը հրաժարվեց մարզպետի պաշտոնից, իսկ այդ շաբաթ՝ հունիսի 7-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը նվիրվեց նաև Գորիսում կատարվածին:

Նիստից հետո մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե տեղի ունեցածը իրավական հարթության վրա է, և անկախ կուսակցական պատկանելությունից և ունեցած դիրքից՝ մեղավորներն օրենքի առաջ պատասխան են տալու:

Փոխարենը՝ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այնուհետև հրապարակվեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայտարարությունը, թե Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնում են իրեն` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ իր արած բացահայտումների համար:

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո պատմություններ էին շրջանառվում, ըստ որոնց Սուրիկ Խաչատրյանի հարազատները շարունակում են սարսափի մեջ պահել տեղացիներին:

Այս տարվա մայիսին տեղեկություններ հրապարակվեցին, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել և առևանգել 2 հոգու: Այս պատմությունը ևս մնաց անհետևանք:

Դրանից մի քանի շաբաթ անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը մայիսի 25-ին, ժամը 23։00-ին Սյունիքի փողոցի թիվ 169 տան մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին։ Բայց, այս դեպքում ևս, Սուրիկ Խաչատրյանի հարազատներից տուժած անձինք հերքեցին ծեծի մասին անգամ ոստիկանական պնդումները:

Գորիսի բնակիչ Գոռ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը ոչ թե ծեծել է իրեն ու եղբորը, այլ եղել է «մի թեթև վիճաբանություն»։ Այսպիսով այս պատմությունը նույնպես համարվեց փակված:

Այսինքն՝ անգամ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուի մահվանից հետո չփակվեց հանցագործությունների տեղեկությունների շղթան:

Դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանի մերձավորները մնացին անպատիժ, մի քանի հանցագործություններ ևս եղան հենց Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ, արդյոք այս ամենը նախկինի չպատժվելու հետևանք է, Սյունիքի դատախազը հակադարձեց։

«Այստեղ որևէ հանցագործություն տեղի չի ունեցել։ Մամուլը գրել է, որ տվյալ անձին դանակահարել են, ոտն են կոտրել, բայց ըստ էության նման բան տեղի չի ունեցել».-ասաց դատախազը։

Մեկ այլ դիտարկմանը, թե հունիսի 1-ի դեպքերից հետո Գորիսում մարդիկ մի տեսակ վախենում են խոսել հանցագործության մասին, իսկ եթե վախենում են, մտավախություն չկա, որ դա արդեն սովորական է դարձել նրանց համար և նրանք վտանգի տակ են հենց Գորիսում, Աֆանդյանը պատասխանի փոխարեն առաջարկեց.- «Ես ձեզ առաջարկում եմ միասին գնանք Գորիսում շրջենք, և դուք տեսեք նման մթնոլորտ իրականում կա, թե՝ ոչ։ Իրականում նման մթնոլորտ գոյություն չունի»։

Հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ վախենում քննադատել հանցագործությունը, սպանությունը հատկապես, Աֆանդյանը պատասխանեց.- «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Դատախազը սակայն նշեց, որ հանցագործությունների բացահայտումների մաս կա, տեղի իրավապահ մարմիններն այդ հնարավորությունները ունեն և, ըստ էության, որևէ խոչընդոտ չկա։

Դիտարկմանը, թե եթե դուք խնդիրներ չեք տեսնում, ապա խնդիրներն ինչպե՞ս կարող են լուծվել, Աֆանդյանն այսպես արձագանքեց.- «Ես խնդիր տեսնում եմ ավելի շատ իրավապահ համակարգում՝ կադրային առումով, որ առանձին ոլորտում, առանձին ծառայություններ համալրված չեն»։

Հարցին, թե համալրման պատճառով է, որ Սուրիկ Խաչատրյանը միշտ անպատիժ է մնում դատախազը պատասխանեց.- «Լավ, ես չեմ կարծում, որ Սուրիկ Խաչատրյանը անպատիժ է մնում»։

XS
SM
MD
LG