Մատչելիության հղումներ

Հայաստանում կա «օրենքից վեր ու անպատիժ մարդկանց խումբ»


Հայաստանում կա «օրենքից վեր ու անպատիժ մարդկանց խումբ»
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00
Իրավապաշտպանների համոզմամբ, բարձրաստիճան պաշտոնայների, մեծահարուստների ազգականների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քրեական, հաճախ արյունալի պատմությունները, որոնց արդյունքում այդ միջադեպերի «հերոսները» որպես կանոն անպատիժ են մնում, վկայում են, որ Հայաստանում հանրության որոշակի խումբ օրենքից վեր է:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպանները ընդգծեցին՝ չնայած իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հավաստիացումներին, երկրում ոչ միայն չի հաստատվում օրենքի իշխանությունը, այլև վերջին շրջանում նման պատմությունները միայն շատացել են:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, Հայաստանում ստեղծվել է մարդկանց մի խումբ, որը զինված է, օրենքից վեր է ու իր արարքների համար չի պատժվում. - «Նրանք գնել են իրենց այդ իրավունքը: Զինված ման գալ, կրակել ում վրա որ կցանկանան կամ ում որ համարեն, որ պետք է կրակվի, և լինել անպատիժ: Այդ իրավունքը իրենք ստացել են իշխանություններից և այդ իրավունքով ապրում են»:

«Քանի դեռ Հայաստանի բարձրագույն իշխանությունները՝ նախագահից սկսած, կարիքն ունեն և օգտվում են հանցագործ աշխարհի ծառություններից և այդ ծառայությունների արդյունքում նրանք կարողանում են գալ իշխանության ու պահպանել այդ իշխանությունը, այդքան ժամանակ մենք ունենալու ենք այս իրավիճակը մեր արդարադատության համակարգում», - ասաց Հարությունյանը: - «Բավական է հիշել այն երիտասարդներին, որ վառել էին դեզը: Բավական է հիշել Գյումրվա կնոջը, որը իր երեխաներին տաքացնելու համար մի քանի կտոր փայտ էր գողացել: Նրանց նկատմամբ կայացված այդ խիստ պատիժները, և սրանց նկատմամբ չկայացված արդարադատությունը… Այս դեպքում խոսել արդարադատության մասին, արդարադատության կայացման մասին կամ ընդհանրապես դրա միտումների մասին ավելորդ է»:

Նախորդ ընդամենը երեք շաբաթների ընթացքում հանրությունն ականտես եղավ մի քանի աղմկոտ, արյունալի պատմությունների՝ բարձրաստիճան պաշտոնյաների ազգականների մասնակցությամբ:

Մայիսի 17-ին՝ օրը ցերեկով Վերնիսաժում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ կրակոցներ հնչեցին, ինչի հետևաքնով ծանր վիրավորվեցին հինգ հոգի: Կալանավորվեց ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսա Գոռ Առաքելյանը՝ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով։ Մինչև օրս այս գործով տուժողներ չկան: Փոխարենը, երեք օր առաջ՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, ձերբակալվեց Առաքելյանի կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանը, ում մեղադրանք առաջադրվեց խմբակային խուլիգանության հատկանիշներով: Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի փոխանցմամբ, իր պաշտպանյալին նման մեղադրանք է առաջադրվել՝ Գոռ Առաքելյանի արարքը որպես ինքնապաշտպանություն ներկայացնելու համար:

Մայիսի 25-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, «ծեծի ենթարկեց Գոռ և Արթուր Հարությունյաններին»։ Ընդ որում, այս ձևակերպումը ոստիկանությանն է: Մամուլը հեղեղված էր միջադեպի մանրամասներով, թե հարբած Էյներ Խաչատրյանը ինչպես է մտել է Հարությունյանների տուն և դաժանորեն ծեծել եղբայրներին, ընդ որում մեկին հարվածել է երկաթե իրերով։ Սակայն հետաքննության արդյունքում ոստիկանությունը եզրակացրեց, որ Էյներ Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա:

Գորիսյան այս պատմությունը հաջորդեց մոտ մեկ տարի առաջ նույն քաղաքում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերագական միջադեպին, ինչի հետևաքնով գնդակահարվեց երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, այս գործով ճանաչվեց միակ մեղավոր, ով, ըստ մեղադրանքի, նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին: Փոխարենը, նախկին մեղադրայլները՝ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը, անցած տարվա սեպտեմբերին ազատվեցին կալանքից ու քրեական հետապնդումից, քանի որ գործող քննող ՊՆ քննչական ծառայությունը գտավ, որ նրանք դիմել են անհրաժեշտ ինքնապաշտպանության:

Այնուհետև՝ հունիսի 1-ի միջադեպը. դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվեց փայծաղից ու հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հայտարարվել հետախոզում և կալանավորման մասին որոշում է կայացվել:

Միջադեպից երեք օր անց Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և իր որդու ուսերին բարդել հունիսի 1-ին տեղի ունեցած դանակահարությունը: Հատուկ քննչական ծառայությունը մինչ օրս հրաժարվում է հետաքննություն սկսել հրապարակային այս հայտարարության հետ կապված:

Եվ վերջապես հունիսի 7-ի երեկոյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վիճաբանության ժամանակ կրակոցներ հնչեցին: Մամուլի տեղեկությունների համաձայն, կրակողը եղել է Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, ներկայումս Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին:

«Մենք չենք խուսափել ոչ մի դժվարությունից: Բարեփոխումներն սկսել ենք ամենադժվար և ամենակարևոր ուղղություններով: Սկսել ենք ոստիկանության և արդարադատության համակարգերից: Մենք պահանջեցինք մեր ոստիկանությունից քաղաքացուն ծառայել նորովի: Ծառայել բարեխղճորեն: Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»,- նախագահական վերջին ընտրություններից առաջ՝ 2012թ. դեկտեմբերի 15-ին ՀՀԿ համագումարում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Լսենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին. - «Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ է սիրում հրապարակային հայտարարություններ անել` հղում անելով օրենքին, օրենքի տառին և այլն: Դրանք հերթապահ խոսքեր են, և մենք տեսնում ենք, որ արդարադատության երաշխավոր հանդիսացող Սերժ Սարգսյանը երբևիցե չի միջամտում, աղմկահարույց այս գործերի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անում»:

«Հանրահայտ է՝ ոստիկանությունը ցույց է տալիս իր անգործությունը, երբ խոսքը վերաբերում է իշխանության մարդկանց», - եզրափակեց իրավապաշտպանը:՚
XS
SM
MD
LG