Մատչելիության հղումներ

Երևանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կառուցում է՝ «իր շահերից ելնելով»


Երևանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կառուցում է՝ «իր շահերից ելնելով»
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

Հայաստանի որոշումը նախագահի մակարդակով մասնակցել այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ցույց է տալիս, որ ալյանսի հետ հարաբերությունները Երևանը կառուցում է իր շահերից ելնելով, և Հայաստանի իշխանությունները շահագրգռված են խորացնել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը՝ այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր նախագահ Թևան Պողոսյանը:

Ուշագրավ է հատկապես այն, որ Հայաստանում որոշում է կայացվել բարձրագույն՝ նախագահի մակարդակով մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մի ժամանակ, երբ ՀԱՊԿ գծով Երևանի դաշնակիցը համարվող Մոսկվան ԽՍՀՄ փլուզումից հետո աննախադեպ հակասությունների մեջ է ալյանսի առաջատար երկրների հետ:

Այս հունիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն մտադիր է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը:

«Հայաստանը երկիր է, որն ունի սեփական շահերը, և տարբեր խնդիրներում, աշխարհի տարբեր մասերում իր քաղաքականությունը որոշում է ինքնուրույն՝ իր շահերից ելնելով։ Շատ ժամանակ մեզ թվում է, թե մեկնումեկը մեզ ուղղորդում է, փորձում են մեզ վրա ճնշումներ գործադրել, ինչը այնպես չէ, որ ճշմարտությունից հեռու է, բայց ցանկացած տեղ, որտեղ Հայաստանի շահերը համընկնում են զարգացման այլ ուղղությունների հետ, Հայաստանը պետք է միայն իր շահերով առաջնորդվի, այլ ոչ թե նայի ուրիշները ինչ են ասելու կամ ինչպես են ասելու»,- ասաց Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն դինամիկ զարգացող հարաբերություններ ունեն 2004 թվականից, երբ երկու կողմերի միջև ստորագրվեց Անհատական գործողությունների գործընկերության ծրագիրը, որից հետո Երևանի ու դաշինքի համատեղ ծրագրերը շարունակաբար նորացվել են և միտված են եղել հայաստանյան ռազմական ուժերի արդիականացմանը:

Բացի այդ, ՆԱՏՕ-ն ու Հայաստանը ձեռնամուխ եղան խաղաղապահ համատեղ առաքելությունների իրականացմանը:

«Չմոռանանք նաև, որ սեպտեմբերի 3-ից հետո ՆԱՏՕ-ն երբևէ չի արել հայտարարություն, որ որևէ կերպ չի գիտակցում Հայաստանի որոշման խնդիրը, և հակառակը միշտ ողջունել է, ասել է՝ Հայաստանը՝ որպես անկախ երկիր, իրավունք ունի իր ուղղությունը որոշի, իսկ մեր Անհատական գործողությունների ծրագրով մենք կշարունակենք խորացումը մեր հարաբերություններում»,- նշեց Պողոսյանը։

Նախագահ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովին ուշագրավ է նաև այն պատճառով, որ 2008-ից ի վեր Հայաստանն առաջին անգամ է նման բարձր մակարդակով մասնակցում դաշինքի գագաթնաժողովին: Նախորդ երեք՝ 2009-ին Ստրասբուրգ-Քիլի, 2010-ի Լիսաբոնի և 2012-ի Չիկագոյի գագաթնաժողովներին ամենաբարձր պաշտոնյաները, ովքեր ներկայացրել են Երևանը, եղել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտոնական Երևանը չէր թաքցնում, որ իր դժգոհության պատճառը գագաթնաժողովների հռչակագրերն էին, որոնք հայտարարում էին, թե ՆԱՏՕ-ն հարգում է Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությունը՝ որևէ խոսք չասելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին:

«Նախագահ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հստակ ուղերձ է Արևմուտքին, որ Հայաստանը ցանկանում է խորացնել իր հարաբերությունները դաշինքի հետ»,- այսօր «Ազատությանը» փոխանցեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Սա նաև ուղերձ է Ադրբեջանին զինող Ռուսաստանին, որ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ ունի և անվտանգության բազմավեկտոր ռազմավարություն»,- հավելեց փորձագետը։

Պաշտոնական Երևանը այսօր ավելի զուսպ էր իր մեկնաբանություններում, թե Հայաստանն ինչու՞ որոշեց նախագահի մակարդակով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը այսօր հրաժարվեց մեկնաբանություն տալ, իսկ իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ նախագահի մասնակցությունը նշանակում է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

«ՀՀ-ն որևէ հարաբերությունների դեմ չի եղել, և մենք ցանկանում ենք պահպանել մեր հարաբերությունները»,- փոխանցեց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG