Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Ուելսում մեկնարկող գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է, թե «Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա» և շարունակում է ապակայունացնել իրավիճակը արևելյան Ուկրաինայում՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հրադադարի հաստատման կոչերին:
Ռասմուսենը ասել է, թե Ուկրաինայի հարցում կարևոր են ոչ թե Ռուսաստանի խոսքերը, այլ կատարած կոնկրետ գործողությունները:
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն քայլեր կձեռնարկի դիմագրավելու այն սպառնալիքներին, որոնք հառնել են անդամ երկրների առաջ ուկրաինական ճգնաժամի արդյունքում: Նա, մասնավորապես, հիշատակել է «պատրաստավածության գործողությունների ծրագրի» ընդունումը, որը ենթադրում է դաշինքի զինված ուժերի ռոտացիոն կարգով տեղաբաշխումներ ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին տեղակայված անդամ երկրներում:
Ռասմուսենը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները սեպտեմբերի 4-ին կհանդիպեն Ուկրաինայի նախագահ ՊԵտրո Պորոշենկոյի հետ և «համատեղ հայտարարություն կընդունեն, որը կոնկրետ քայլեր կուրվագծի» դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի հետ համագործակցությունը բարելավելու հարցում:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշնակիցները պատրաստ են լրջորեն քննարկել Իրաքի կառավարության ցանկացած կոչ՝ Իսլամական պետության զինյալների դեմ օգնության վերաբերյալ: