Մատչելիության հղումներ

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի տեսակետից հակառակորդ է»


«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի տեսակետից հակառակորդ է»
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի տեսակետից հակառակորդ է»

Պորոշենկոն Մոսկվային մեղադրում է բացահայտ ագրեսիայի մեջ, իսկ Պուտինը Կիևին հորդորում է «էական երկխոսություն վարել արևելքի հետ»։

Պատմական դաժան զուգահեռներ

Սեպտեմբերի 1-ին ոչ միայն ուսումնական տարին է սկսվում․ այսօր միջազգային համայնքը նշում է նաև Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի տարելիցը։ Ճիշտ 75 տարի առաջ` 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան։ Դրան հաջորդած զարգացումների արդյունքում մոլորակը ներքաշվել է դժոխային պատերազմի մեջ, որին զոհ դարձան մոտ 70 միլիոն մարդ։

Եվ ահա այսօր Եվրոպայում` Լեհաստանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, Ուկրաինայի արևելքում պատերազմ է։ ՄԱԿ-ի տվյալներով, ուկրաինական բանակի և Մոսկվայի անմիջական աջակցությամբ գործող ռուս անջատականների զինված առճակատման ընթացքում այս տարվա ապրիլից ի վեր սպանվել է մոտ 2 հազար 600 մարդ։

ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռուսաստանն է զենք ու զինամթերք տրամադրում անջատականներին, ավելին՝ ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզության, այս պահին առնվազն հազար ռուսաստանցի զինծառայող է գտնվում Ուկրաինայի տարածքում։

Մոսկվան ընդունում է, որ այնտեղ կան ռուսաստանցիներ, այդ թվում՝ գուցեև զինծառայողներ, սակայն նրանք, իբրև թե, սոսկ կամավորներ են։

Պուտինն Արևելքին մեղադրում է կողմնակալության մեջ

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Յակուտսկում BBC-ի թղթակցին ասել է, թե ուկրաինացիները շրջապատում ու հրետակոծում են խոշոր բնակավայրերը։

«Աշխարհազորայինների խնդիրը ուկրաինացիներին հետ մղելն է: Դժբախտաբար, շատ երկրներ՝ այդ թվում Եվրոպայում, դա չնկատելու են տալիս», - ասել է Պուտինը։

Նրա համոզմամբ, մեղավորն ուկրաինական կողմն է․ - «Կարծում եմ, [պատերազմի շարունակման] գլխավոր պատճառն այն է, որ Կիևը չի ցանկանում էական քաղաքական երկխոսություն վարել երկրի արևելյան շրջանի հետ»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հերթական անգամ հավաստիացրել է, որ Դաշնությունը մտադիր չէ զորք մտցնել Ուկրաինա․ - «Ռազմական ներխուժում չի լինի: Մենք կոչ ենք անում բացառապես խաղաղ եղանակով լուծել այս սարսափելի ճգնաժամը։ Մենք ամեն ինչ անում ենք քաղաքական կարգավորման համար»։

«Ագրեսիան փոխել է իրավիճակը»

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, մինչդեռ, այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը «բացահայտ և ուղղակի ագրեսիա» է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ։

«Ագրեսիան արմատապես փոխել է իրավիճակը հակամարտության գոտում, և մեր անվտանգության ուժերի համար նոր ու բարդ խնդիրներ է ստեղծել։ Մենք ուշադրությամբ վերլուծում ենք անցած շաբաթվա զարգացումները։ Հետևությունները շատ լուրջ կլինեն, սպասվում են նաև կադրասյին փոփոխություններ», - ասել է Պորոշենկոն։

Ուկրաինացիները հետ են քաշվել Լուգանսկի օդանավակայանից

Ուկրաինայի զինվորական ղեկավարները հայտնել են, որ բանակը հետ է քաշվել Լուգանսկի օդանավակայանից։ Զինված ուժերի խոսնակ Անդիյ Լիսենկոյի փոխանցմամբ, պարտադրված նահանջի պատճառն այն է, որ հակառակորդի կողմից կռվին մասնակցում են արհեստավարժ ռուսաստանցի հրետանավորներ։

Այսօր Մինսկում տեղի է ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հույս էր հայտնել, թե կողմերին կհաջողվի համաձայնեցնել հրադադարի հարցը։

Հիմա ռազմական նախաձեռնությունը ռուս անջատականներինն է, ովքեր անցած ամիս կրած որոշ պարտություններից հետո վերախմբավորվել են և Ռուսաստանի օգնությամբ հաջող հարձակումեր են իրականացնում։

Պուտինը բանականության մասի՞ն է խոսում

Արևուտքը սպառնում է նոր պատժամիջոցներով։ Այսօր Պուտինն ասել է, թե կցանկանար, որ պատժամիջոցներ ընդհանրապես չլինեն․ - «Ինչ վերաբերվում է տնտեսության բնագավառում պատժամիջոցներին, ապա դրանք նախևառաջ վնաս են հասցնում պատժամիջոցները նախաձեռնողներին։ Սակայն ես հուսով եմ, որ բանականությունը կհաղթի, և բոլորս կհամագործակցենք բնականոն պայմաններում»։

«Դա կլինի առանցքային գագաթնաժողով ՆԱՏՕ-ի պատմության ընթացքում »

Սեպտեմբերի 4-ին Ուելսում գումարվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում ներառված է ռուս-ուկրաինական խնդիրը։ Այսօր Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության մասին։

«Ուելսում մեր գագաթնաժողովը կգումարմի միանգամայն փոխված աշխարհում։ Այն կանդրադառնա կատարված փոփոխություններին, ենթադրում եմ, որ դա կլինի ՆԱՏՕ-ի պատմության ընթացքում առանցքային նշանակության գագաթնաժողով», - ասել է նա:

Ռասմուսենի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևոր որոշումներ կընդունի ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և կերաշխավորի դաշնակիցների պատշաճ պաշտպանությունը։ Այդ նպատակով կստեղծվեն արագ արձագանքման ուժեր, կիրականացվեն բարեփոխումներ, ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային և կամրապնդի դիրքերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

«Մենք չենք կարող պատրանքներ տածել»

«Այսօր մենք պարտավոր ենք ըմբռնել, որ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն այևս գործընկերը չէ։ Մենք տեսնում ենք ռուսական փաստաթղթերից, լսում ենք նրանց քաղաքական այրերին, որ ՆԱՏՕ-ն հակառակորդ է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ես շատ եմ ափսոսում դրա համար: Եվրատլանտյան անվտանգության համար ճիշտ կլիներ հզոր համագործակցությունը Ռուսաստանի հետ, սակայն մենք չենք կարող միամիտ մնալ, ինչ-ինչ պատրանքներ տածել: Իրականությունն այն է, որ Ռուսաստանը մեզ հակառակորդ է համարում, և մենք կհարմարվենք այդ իրողությանը», - ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG