Այսօր Ուելսում գումարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, որը պետք է վճռական որոշումներ ընդունի ռուս-ուկրաինական արյունալի առճակատման կապակցությամբ։
Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ն հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, թե դաշինքը պետք է ընդունի որոշումներ, որոնք թույլ կտան պաշտպանել անդամ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը։
Այդ որոշումները պետք է վստահություն հայտնեն այն անդամ-երկրներին, որոնց մտահոգում է Ռուսաստանի ագրեսիայի վտանգը։
Նախօրեին Տալլինում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ՆԱՏՕ-ն գագաթնաժողով է գումարելու որպես Ուկրաինայի դաշնակից, որի 28 անդամները սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և սեփական տարածքը պաշտպանելու իրավունքը։
Ի պատասխան այս ճգնաժամի, ՆԱՏՕ-ն արդեն ձեռնարկել է արևելյան անդամ-պետությունների անվտանգությունը խթանելու միջոցներ։ ՆԱՏՕ-ն պետք է ավելի ամրացնի իր դիրքը Արևելյան Եվրոպայում և նկատել տա Ռուսաստանին, որ սպառնալիքները ՆԱՏՕ-ի, կամ դաշինքի առանձին անդամների հասցեին պարզապես անընդունելի են։
Այդ նպատակին հասնելու համար ՆԱՏՕ-ն ծրագրելու է նոր զորավարժություններ, կառուցվածքային փոփոխություններ, տեխնիկայի և անհրաժեշտ սարքավորումների ու համակարգերի վերադիրքավորում և ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ընդարձակում։
ՆԱՏՕ-ն հայտնում է, որ Ռուսաստանի հետ անցած տարիներին իրականացված համագործակցությունը ներկայումս անհնարին է հարևան երկրների հանդեպ այդ պետության ապօրինի գործողությունների հետևանքով։
«ՆԱՏՕ-ն ստիպված է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված սկզբունքները»,- ասվում է գագաթնաժողովից առաջ դաշինքի հրապարակած հայտարարագրում։
Ուելսում այսօր մեկնարկող գագաթնաժողովը կտևի երկու օր։