Մատչելիության հղումներ

Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը «որպես դաշնակից կկորցնի Հայաստանին»


Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը «որպես դաշնակից կկորցնի Հայաստանին»
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով, մեծածավալ սպառազինություն վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը որպես դաշնակից կկորցնի Հայաստանին:

«Ազատության» հետ հարցազրույցում արձագանքելով դիտարկմանը, թե Ռուսաստանը պնդում է, որ դա ընդամենը բիզնես է, Մարգարյանն ասաց. - «Նշանակում է, որ բիզնեսը գերակշռում է բարեկամական (եթե այդպիսիք կան քաղաքականության մեջ) հարաբերություններին: Ինձ թվում է, որ պետք է Ռուսաստանը անդրադառնա, որ այս ձևով ինքը չի կարող երկար ժամանակվա համար իր շուրջը դաշնակիցներ պահի: Ինքը պետք է հասկանա, որ այս ձևով ինքը կկորցնի: Որովհետև միշտ ելքեր հնարավոր է գտնել, միշտ ելքեր հնարավոր է փնտրել, միշտ ձևեր կան` դժվար, դյուրին, ճանապարհներ, որոնց ծանր գին կվճարենք, բայց էլի մեզ համար ելք կլինի: Բայց չեմ կարծում, որ մենք այնքան անճար ենք, որ, ուզենք թե չուզենք, մեր միակ ելքը Ռուսաստանի հետ է: Պետք է Ռուսաստանն ինքը նաև սա գիտակցի: Եվ պետք է հասկանա, որ սխալ մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ինքը շատ ավելի մեծ կորուստներ ունենա»:

«Ինձ թվում է, տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելը նաև Ռուսաստանի շահերից է բխում», - շարունակեց Հրանտ Մարգարյանը: - «Բնականաբար, դա մի բան չի, որ մենք կարողանանք դրա վրայից լուռ անցնել: Դա, կարծում եմ, պետք է մեր մեջ ստեղծի ընդվզում: Դա միայն մի ձևով կարող էր ընդունելի դառնալ. որ այն, ինչ որ վաճառում է ինքը Ադրբեջանին, մեր բաժնի գինն էլ Ադրբեջանից առներ, բայց մեզ տար անվճար»:

Հայաստանի դաշնակից Ռուսաստանը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին հարձակողական նշանակության սպառազինություն վաճառող թիվ մեկ երկիրը: Անցած տարվա օգոստոսին Բաքվում Պուտինի հետ կայացած համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը հրապարակեց ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական պայմանագրի ընդհանուր ծավալը՝ 4 միլիարդ դոլար` ակնարկելով, որ այն աճելու միտում ունի:

Խոսելով Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության գործընթացի մասին` Մարգարյանը ընդգծեց, որ Դաշնակցության համար անընդունելի է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի տեղադրումը. - «Եթե ասվում է, որ Հայաստանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով պետք է մասնակցի, դա ոնց որ ասես, որ մածունը սպիտակ է: Որովհետև ցանկացած պետություն ցանկացած տեղ մասնակցում է միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Տարբեր է, եթե ասվի, պահանջն դրվի, որ Ղարաբաղի և Հայաստանի մեջ պետք է լինի սահման կամ մաքսակետ: Իսկ նախագահն ինչ է պատասխանել, չի պատասխանել, ես սա կարծում եմ, որ ոչ թե էության հետ կապ ունի, այլ արժանապատվության հետ կապ ունի: Մեր արժանապատվությունն է ինչ-որ տեղ խոցված, ուրիշ ոչ մի բան չկա: Այսինքն` մենք կուզեինք, որ այնքան հզոր երկիր լինեինք, որ կարողանայինք նաև այդ տհաճ երևույթին արժանավայել պատասխան տալ»:

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական միության գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց, թե միությանը Հայաստանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Գագաթնաժողովին ներկա նախագահ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց. միայն երկու օր անց ասաց, թե «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր»:

«Մենք միշտ հավատացած ենք եղել, որ Հայաստանը հարյուր տոկոսով ո՛չ էս կողմ պետք է լինի, ո՛չ էն կողմ: Ի նկատի ունեմ արտաքին կողմնորոշումը», - շարունակեց Մարգարյանը: - «Բայց դա էլ պետք է նկատի ունենալ` մեզ համար առաջնահերթ է եղել երկրի անվտանգության հարցը: Այսինքն` եթե կարողանայինք ձև գտնել, որ անվտանգության հարցը լուծվեր, ապահով զգայինք մեզ, և հարյուր տոկոսով ոչ մեկին չանդամակցեինք, բայց ունենայինք բոլորի հետ էլ հարաբերություն, դա կլիներ իդեալական ձև»:

«Ինձ համար զարմանալի հարցը սա է՝ նույն մարդիկ որոնք ասում էին՝ չպետք է ստորագրենք, այսօր մտահոգ են, որ ինչու չի ստգորագրվում [Եվրասիակաան միությանը Հայաստանի անդամակցոսւթյկան պխայմամնագիրը]», - ասաց նա: - «Ինձ համար ավելի ուրախացուցիչ վիճակ գոյություն ունի. եթե չի ստորագրվում, նշանակում է խնդիր կա: Եթե խնդիր կա, նշանակում է դիմադրություն կա: Կան պայմաններ, որոնք չեն ընդունվում, դրա համար չի ստորագրվում... Եթե սահուն չի, նշանակում է դիմադրություն կա: Դիմադրությունը ինչի՞ համար է... Ազգային շահի համար է, չէ՞, պետականության համար է, չէ՞: Ինչի՞ համար ենք մտահոգվում»:

XS
SM
MD
LG