Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցելությունը Հարավային Ամերիկայի երկրներ շարունակվում է, Ուրուգվայ պետական այցը արդեն մոտենում է ավարտին:
Մինչ Ուրուգվայ ժամանելը Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություններ է արել՝ ասելով, թե ցավալի իրադարձություն է այն փաստը, որ Ռուսաստանը զենքեր է մատակարարում, վաճառում Ադրբեջանին:
«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին», - ասել է Հայաստանի նախագահը:
Թերևս առաջին անգամ է նախագահ Սարգսյանը խոսում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին:
Հարցազրույցում նա, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համար դժվարին իրավիճակում Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները:
Նախագահը նաև չի բացառել ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը, սակայն վստահություն է հայտնել, որ Հայաստանը բավարար չափով ուժ և կարողություն ունի՝ պաշտպանելու իր սահմանը:
«Ադրբեջանը իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, ինչը սակայն հաղթանակ չի երաշխավորում», - ասել է Սերժ Սարգսյանը:
Ռուսական դաշինքին անդամակցելը արդյոք բարդացրե՞լ է Եվրոպայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները, այս հարցին Սերժ Սարգսյանը արձագանքել է , որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը եվրոպացիներին դուր չի գալիս, սակայն ինքը վստահ է, որ նրանք ըմբռնումով են մոտենում, թե ինչու է Երևանը դիմել այդ քայլին:
Խոսելով հայ - թուրքական հարաբերություններից՝ Հայաստանի նախագահն ասել է , որ ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր գալու են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ «Հնարավոր է, որ երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի», - շեշտել է Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Ուրուգվայում հանդիպումներին, բանակցություններին՝ դրանք շատ հաջող են անցել:
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան՝ շատ պարզ, համեստ քաղաքական գործիչ, ով Հայաստանում է ապրել խորհրդային ժամանակաշրջանում, ընդունեց Սերժ Սարգսյանին ջերմությամբ և անկեղծությամբ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ինչպես ասացին՝ «ամեն ինչ առջևում է»:
Ըստ երևույթին, այսօրվանից հայաստանցիները Ուրուգվայ մեկնելիս վիզայի կարիք չպետք է ունենան, և ուրուգվայցիներն էլ Հայաստան կարող են ազատորեն մտնել:
Սերժ Սարգսյանը Մոնտեվիդեոյում այցելելու է նաև Հայ Առաքելական եկեղեցի, ապա հանդիպում է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նախատեսված է, որ կպատասխանի համայնքի ղեկավարների հարցումներին:
Ուրուգվայի հայկական համայնքում կա դժգոհություն, քանի որ համայնքը չի կիսում Հայաստանի նախագահի կարծիքը հայ - թուրքական արձանագրությունների հարցում:
Այդ հանդիպումներից հետո այսօր Սերժ Սարգսյանը մեկնելու է Չիլի․ դա կլինի Հայաստանի նախագահի առաջին այցելությունը այդ երկիր: