Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան. «Պատերազմը Ադրբեջանի համար կունենա կործանարար հետևանքներ»


Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվացումն ու դիվերսիայի փորձերը պայմանավորված են Բաքվի «անելանելի վիճակով»։

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում ակնհայտ են համարում վերջին շրջանում ադրբեջանական կողմի ակտիվացումը, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ պատերազմը Ադրբեջանի համար կունենա կործանարար հետևանքներ։

Հանրապետական պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվացումն ու դիվերսիոն խմբեր ուղարկելու հակառակորդի փորձերը պայմանավորված են Ադրբեջանի «անելանելի վիճակով»։

«Այն, որ դեռևս պատերազմը ավարտված չէ, դրա մասին մշտապես ենք լսել՝ մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարից մինչև սահմանին կանգնած այն շարքային զինվորը, որը պաշտպանում է մեր հայրենիքը», - ասաց պատգամավորը։

«Իհարկե, նկատելի է այդ ակտիվությունը Ադրբեջանի կողմից, և կարծում եմ, դա նախևառաջ պայմանավորված է այն անելանելի իրավիճակով, որում գտնվում է այսօր Ադրբեջանը», - նշեց Սահակյանը՝ մանրամասնելով․ - «Դիվանագիտական ճանապարհով խնդիրը չկարողանալով լուծել, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, այսպես ասեմ, պատասխան ունի տալու նաև իր ժողովրդին: Ցանկացած ընտրություններից առաջ ալիևյան կլանը իր հանրությանը՝ Ադրբեջանի ժողովրդին ներկայացնում է, որ Ղարաբաղի հարցն իրենք լուծելու են՝ անկախ նրանից, թե ինչ ճանապարհով, և որ իրենք բավականին շատ փող ունեն, զինվում են, ունեն բավականին լավ զինատեսակներ, զենքեր և անպայման պատերազմում հաղթելու են: Բայց իրենց այդ վերնախավը վստահաբար գիտի, որ պատերազմը Ադրբեջանի համար կունենա անդառնալի և կործանարար հետևանքներ, և նմանատիպ քայլերով փորձում են նաև որոշակի ժամանակ շահել կամ հանրությանը զբաղեցնել: Սա է անելանելի վիճակը, որում գտնվում է այսօր Ադրբեջանը»։

Հովհաննես Սահակյանի համոզմամբ՝ Ադրբեջանը պարտվել է դիվանագիտական ասպարեզում։ «Տեսնում ենք, որ միջազգային հանրության մոտ, թեկուզ և չճանաչված, բայց արդեն իսկ Լեռնային Ղարաբաղը ինքը համարվում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ տարբեր առիթներով: Ադրբեջանը դիվանագիտական հարթության մեջ, ուղղության մեջ ունենալով նմանատիպ, այսպես ասեմ, պարտություն կամ ոչ երանելի վիճակ, փորձում է այդ դիվերսիոն գործողություններով, հողի մշակի վրա կրակելով, որոշակի քայլեր անել կամ ժամանակ շահել»․ - հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG