Մատչելիության հղումներ

«Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը կշտամբանք էր Ռուսաստանի հասցեին»


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենո, արխիվ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենո, արխիվ

Հայաստանցի վերլուծաբանները մեկնաբանում են Անրի Ռենոյի վերջին հայտարարությունը և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանի հասցեին անուղղակի կշտամբանք է համարում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի անցած շաբաթավերջին արած հայտարարությունը։

Ասուլիսի ժամանակ ֆրանսիացի դիվանագետը, մասնավորապես, ասել էր․ - «Ֆրանսիան, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երկիր, չի կարող չհարգել կամ չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կամ հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից, և որոնք հետևյալն են․ ձեռնպահ մնալ կամ կտրականապես մերժել այն գաղափարը՝ զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:

«Սա անուղղակի կշտամբանք էր Ռուսաստանի հասցեին, որը, ինչպես հայտնի է, միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում Ադրբեջանին և դրանով իսկ սնուցում է Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչն էլ և, իմ համոզմամբ, ամենաէական խոչընդոտն է այս գործընթացի առաջընթացի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Փորձագետը անհամատեղելի է համարում բանակցային գործընթացում միջնորդի ու միաժամանակ Բաքվին զենքի մատակարարի Մոսկվայի դերակատարությունը։

«Նման դեպքում նա, ուրեմն, միջնորդ չէ: Համենայն դեպս, դա անազնիվ խաղ է, որը վարում է Ռուսաստանը տարածաշրջանում, և նպատակն էլ պարզ է: Ուղղակի նա ուզում է չկարգավորված պահելով այս կոնֆլիկտը և զենքի մատակարարումներով սնուցելով հակամարտող կողմերին, որոնք ունեն իշխանություններ, որոնց լեգիտիմությունն էլ սնուցվում է այս չկարգավորված կոնֆլիկտից՝ իհարկե, տարբեր չափաբաժիններով՝ Հայաստանում և Ադրբեջանում, իսկ Ադրբեջանում այդ չափաբաժինը էական է, ապա պարզ է դառնում այս ամբողջ խաղի իմաստը», - ընդգծեց Մեհրաբյանը:

ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Ազատության» հետ զրույցում դեսպան Անրի Ռենոյի հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնեց, թե Ֆրանսիան ընդամենը արձանագրել է փաստը, և դա այդ երկրի դիրքորոշումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում:

«Եթե մենք վերադառնանք այն երկրներին, որոնք հանդես են գալիս որպես Մինսկի խմբի համանախագահող անդամներից մեկը, տվյալ դեպքում դուք խոսում եք Ռուսաստանի մասին, Ռուսաստանի համար ընդհանրապես զենքի վաճառքը հանդես է գալիս որպես իրենց բյուջեի լցման չեմ ասի հիմնական, բայց էլեմենտներից մեկը: Եվ Ռուսաստանը երբեք չի հայտարարել, որ ինքը չի պատրաստվում վաճառել զենք աշխարհի այն մասերում, որոնք ներառված են այս կամ այն տեսակի կոնֆլիկտների մեջ: Այսինքն՝ էստեղ որոշակի տարբերությունը կա, և դա ընդամենը հանդես է գալիս որպես փաստ», - նշեց Մարկարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG