Մատչելիության հղումներ

Փակ աչքերով, բայց՝ զգոն. «Դեմ եմ»-ը արդար դատաքննություն պահանջեց


Սպիտակ ու թափանցիկ ժապավեններով փակելով աչքերը՝ «Դեմ եմ» նախաձեռնությունն լուռ ու խորհրդանշական ակցիա էր կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց, որտեղ ուրբաթ մեկնարկեց Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացրած հայցն ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի։

Խորհրդանշելով արդարադատության աստվածուհի Ֆեմիդային՝ համակարգի դեմ պայքարող քաղաքացիները այսպիսով արդար քննություն պահանջեցին բարձր դատարանից։

«Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ փակ աչքերով չի կորում զգոնությունը։

«Չենք խանգարելու ՍԴ-ի բնականոն աշխատանքը, բայց մենք շատ զգոն ենք, հետևելու ենք ամեն քայլին, յուրաքանչյուր իրադարձության և համապատասխան արձագանքը լինելու։ Մեր աչքերը կապված էին, բայց բաց էին»,- ասաց Մանուկյանը։

ՍԴ-ի որոշումից է կախված պայքարի հետագա ուղին, ասում էին «Դեմ եմ»-ի անդամները՝ ավելացնելով, որ այլապես խնդրի լուծումը կերկարի և կհանգեցնի հանրային ընդվզումների։

«ՍԴ-ն, կարծում եմ, քաջ գիտակցում է, որ իր յուրաքանչյուր քայլը ծնելու է որոշակի գործողություն։ Եթե քայլերը լինեն արդարադատությանը միտված, բնականաբար, ռեակցիան կլինի ադեկվատ»,- ասաց ակտիվիստ Դավիթ Մանուկյանը։

15 րոպե փակ աչքերով ու բերանով ՍԴ-ի առջև կանգնած ակցիայի մասնակիցները ձեռքներին նաև թղթե կտորներ էին պահել, որոնց վրա գրված էին Սահմանադրության այն հոդվածները, որոնք, ըստ նրանց, այսօր ոտնահարվում են։

ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիան որևէ անհարմարություն չստեղծեց ներսում ընթացող դատավարության մասնակիցների համար, ընդմիջման ժամանակ ակցիայի մասնակիցներին միանալով ասաց իրավաբան Արտակ Զեյնալյանը, ով ներկայացնում է օրենքին ընդդիմացողների շահերը։

«Հասարակությունը օժտված է սահմանադրական իրավունքով՝ իրականացնել այդպիսի ակցիաներ իրականացնել նաև դատական իշխանության մատույցներում»,- ասաց Զեյնալյանը։

Թեպետ ՍԴ-ի ներսում դատավարությունը դեռ չէր ավարտվել, «Դեմ եմ»-ի ակցիան ավարտվեց շատ ավելի շուտ։
XS
SM
MD
LG