Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժերը տարբեր ակնկալիքներ ունեն ՍԴ-ից


Ոչ իշխանական ուժերը ՍԴ-ից տարբեր ակնկալիքներ ունեն
please wait

No media source currently available

0:00 0:05:30 0:00
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ճիշտ չէ պարտադիր կուտակայինի հարցով Սահմանադրական դատարանի նիստին զուգահեռ հանրահավաքի կազմակերպումը:

Վաղը ՍԴ-ն կսկսի քննել պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի սահմանադրականությունը, իսկ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները ծրագրել են բողոքի լուռ ակցիա անցկացնել դատարանի առջև:

Վաղը նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է հանրահավաք նախաձեռնել Ազատության հրապարակում՝ սահմանադրական հեղափոխություն իրականացնելու պահանջով:

«Հասարակության հիմնական խնդիրը մարտի 28-ին Սահմանադրական դատարանի միջոցով պարտադիր բաղադրիչի դեմ պայքարն է: Որևէ այլ քաղաքական գործողություն ճիշտ չէ զուգակցել այս գործընթացի հետ: Սա եմ մտահոգությունը, որ կարող է աղավաղվի պայքարի այս հատվածը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանիի նախաձեռնած հանրահավաիքն չի մասնակցելու:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի առջև «Դեմ եմ»-ի ծրագրած լուռ ակցիային, ապա Մինասյանն ասաց, որ իրենք կապ չունեն այդ նախաձեռնության հետ:

Հարցին, թե արդյո՞ք տեղին են համարում նման ակցիան, պատգամավորն ասած, թե իր մոտեցումն այլ է․ իրենք առաջարկել էին «Դեմ եմ» նախաձեռնությանն ակցիա անցկացնել Ազատության հրապարակում և այնտեղ էլ մեծ էկրանի վրա հեռարձակել ՍԴ-ի նիստը: Ակտիվիստները, սակայն, մերժել են առաջարկը:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ազատության» հարցին, թե մտադիր են արդյոք մասնակցել «Ժառանգության» առաջնորդի հրավիրած հանրահավաքին, արձագանքեց, թե չորս ուժերը վաղը մասնակցելու են ՍԴ-ի նիստին:

Անդրադառնալով հանրահավաքին՝ Մարգարյանը հույս հայտնեց, որ այն նույնպես նվիրված կլինի ՍԴ-ում քննվող հարցին․ - «Կարծում եմ՝ չի շեղի, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ գիտի, քառյակի կուսակցություններից մեկի ղեկավարն է: Ինքը շատ լավ գիտի օրվա կարևոր խնդիրը, Սահմանադրական դատարանում եղած հարցը։ Իրենց խմբակցությունը ևս ստորագրել է դրա տակ, որ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան: Այնպես որ, դա կլինի խելագարության կանխավարկած, եթե, ենթադրենք, ինքը անում է մի բան, որը խանգարելու է Սահմանադրական դատարանի գործընթացին»:

ՍԴ-ի առջև լուռ ակցիայի կապակցությամբ Մարգարյանն ասաց, թե չի ցանկանում գնահատական տալ դրան, սակայն կարծում է, որ դատավարության ընթացքից կախված՝ պետք է այլ ակցիաներ անցկացնելու որոշում կայացնել:

ՀԱԿ-ը նույնպես «Ժառանգության» հանրահավաքին մասնակցելու որոշում չունի: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ հանրահավաքի վերաբերյալ իրենց տեղեկություններ չեն տրամադրվել, ուստի դրան մասնակցելու հարցն իրենք չեն քննարկել:

Նա ասաց, որ վաղն իրենք մասնակցելու են ՍԴ-ի նիստին․ - «Մենք ունենք արդեն անցատոմսեր, որը մեզ թույլ է տալու մասնակցել Սահմանադրական դատարանի նիստին: Բացի դրանից, բոլոր մեր համակիրները, ովքեր նպատակահարման համարեն այդ օրը ներկա լինել, նրանք դրսում կարող են իրենց աջակցությունը ցույց տալ»:

Զուրաբյանը չցանկացավ գնահատական տալ ՍԴ-ի առջև լուռ ակցիա անցկացնելու նախաձեռնությանը՝ նշելով, որ չի ցանկանում որևէ մեկին որևէ բան թելադրել․ - «Ես կարող է համարեմ, որ ավելի արդյունավետ ձևեր կան, բայց չեմ ցանկանում ո՛չ պարտադրել իմ տեսակետը, ո՛չ էլ իմ տեսակետով խանգարել արդեն կազմակերպված կամ որոշված բողոքի ակցիաներին»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք ճիշտ է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, երբ մյուս քաղաքական ուժերի ու հանրության ուշադրության կենտրոնում ՍԴ-ի նիստն է, «Ժառանգությոան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արձագանքեց, թե թյուրիմացություն է եղել, քանի որ, երբ «Ժառանգություն»-ը հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել, տեղյակ չեն եղել, որ նույն օրը միջոցառումներ են ծրագրել նաև այլ ուժեր:

«Հնարավորինս պետք է այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարեն և կարողանան իրենց միջոցառումներն անցկացնեն առանց որևէ հակասություն ունենալու մյուս քաղաքական ուժերի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Վաղվա ՍԴ-ի նիստից ոչ իշխանական չորս ուժերը տարբեր ակնկալիքներ ունեն․ ոմանք հաղթանակ են ակնկալում, մյուսներն այնքան էլ լավատես չեն:

«Հաղթական տրամադրությամբ ենք գնում դատի և վստահ ենք, որ մենք արդյունքի կարող ենք հասնել», - ասաց Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

«Բնականաբար, տեսնելով այս պայքարը և կոշտ վերաբերմունքը, հասարակության մեջ եղած ընդվզումը, իրենք ուզում են ինչ-որ զիջումներ գնալ: Չեմ ուզում գուշակել ինչպիսին կլինեն դրան», - նշեց Ստեփան Մարգարյանը (ԲՀԿ):

Լևոն Զուրաբյան (ՀԱԿ). - «Սահմանադրական դատարանից մենք ակնկալիքներ չունենք: Մենք ակնկալիքներ ունենք մեր ժողովրդի ակտիվությունից»:

Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») առաջարկեց թղթի վրա գրել իր գուշակությունը: Ենթադրությանը, թե այնքան էլ լավատես չէ, արձագանքեց․ - «Լավ օրից չի, որ լավատես չեմ»:
XS
SM
MD
LG