Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն և «Բարև, Երևանը» կբոյկոտեն տրանսպորտային հանձնաժողովը


Երևանի ավագանու երեք խմբակցություններից երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը և «Բարև, Երևան»-ը հրաժարվում են մասնակցել քաղաքապետին կից տրանսպորտային հարցերով զբաղվելու համար ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ ըստ նրանց՝ դրա ստեղծման նպատակը քաղաքապետի՝ ուղեվարձը բարձրացնելու նախկին որոշումը վերականգնելն է։ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խոսքով իրենք «այս շոուում մաս չունեն»։

Երկու խմբակցությունների չմասնակցելու հիմնական պատճառը այն է, որ մինչև այսօր պարզ չեն հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի խոսքով՝ հուլիսի 25-ին ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցնելու փաստաթղթում Տարոն Մարգարյանը հանձնարարել էր այս հարցով հանրային քննարկումներ կազմակերպել, մինչդեռ հետագայում հանրային քննարկումները անհասկանալիորեն փոխվեցին հանձնաժողովի։

Հետո «Բարգավաճ Հայաստանը» Երևանի քաղաքապետից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր էր ստացել, մինչդեռ հրավերում հղում էր արվում կասեցման որոշման վրա, որտեղ նշված է հանրային քննարկում կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ակնհայտ է, որ հանրային քննարկումը փոխարինվել է հանձնաժողովով։

«Իրավական առումով սա մեզ համար անընդունելի է»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյանի՝ խոսքով տարբերությունները այստեղ ակնհայտ են. նախ հանձնաժողովի դեպքում քաղաքապետարանն է որոշում, թե ում ընդգրկել դրա կազմում, իսկ հանրային քննարկումների ժամանակ իր կարծիքը կարող է հայտնել յուրաքանչյուր երևանցի։ Երկրորդ ակնհայտ տարբերությունն էլ այն է, որ հանրային քննարկման արդյունքում լինելու է եզրակացություն, ըստ որի էլ քաղաքապետը պետք է որոշում կայացնի, մինչդեռ հանձնաժողովի դեպքում պարզ չէ վերջնական արդյունքը։

Ավելի վաղ քաղաքապետարանի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ հանձնաժողովը խորհրդատվական մարմին կլինի, իսկ վերջնական որոշումը կկայացնի Երևանի քաղաքապետը։

Կարևոր է նաև, որ քաղաքապետարանի աշխատանքային փաստաթղթերում որպես հանձնաժողովի ստեղծման նպատակ է նշվում ուղևորափոխադրումների վարձի կիրառման մեխանիզմների և զեղչերի համակարգի ներդրման մշակումը, այսինքն կարելի է եզրակացնել, որ այս հանձնաժողովը տրանսպորտի ուղեվարձի չափը ուղղակի չի քննարկելու։

«Այստեղ է, որ դու ակնհայտորեն զգում ես, որ խոսքը ոչ թե 100 դրամը պահպանելու մասին է, 100 դրամի դեպքում հաստատ զեղչերի մասին խոսք լինել չէր կարող, ուրեմն ենթադրվում է, որ 150 դրամը այլընտրանք չունի»,- ասաց Պողոսյանը։

Ուղևորափոխադրող ընկերությունների այն հայտարարությունը, թե 100 դրամով աշխատելը անհնար է, երկու խմբակցության ղեկավարների մոտ ծիծաղ է առաջացնում, նրանց կարծիքով՝ եթե բիզնեսը շահավետ չլիներ, նրանք վաղուց կհրաժարվեին դրանից։

Տրանսպորտի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար քաղաքապետարանը հրավերներ էր ուղարկել նաև «Շարունակում ենք վճարել 100 դրամ» շարժման ակտիվիստներին, ովքեր կտրականապես դեմ էին արտահայտվել ուղեվարձի բարձրացման հարցը քննարկելուն։ Ստացվում է, որ հանձնաժողովում այսքանից հետո կմնան միայն ավագանու Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները, մի քանի ՀԿ-ներ և ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

Ճի՞շտ չէր լինի արդյոք մասնակցել և նիստի ընթացքում ներկայացնել սեփական հակափաստարկները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը ասաց, որ դեռ ձեռնպահ են մնում մասնակցությունից, մինչև հասկանան դրա գործառույթները: «Բարև, Երևան» խմբակցության ղեկավարն էլ ասաց, որ որոշման պատճառը այն է, որ հիմա իրենք վարչական դատարանում վիճակում են քաղաքապետի կայացրած նախկին բարձրացման որոշումը, ուստի այս հանձնաժողովին մաս կազմելը անիմաստ է։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետարանի ներկայացուցիչը ասել էր, որ հանրային քննարկում կարող է լինել միայն իրավական ակտի վերաբերյալ, իսկ հանձնաժողովի նպատակը հենց այդ ակտը ձևավորելն է, ինչից հետո էլ հանրային քննարկումների ժամանակ կքննարկվի այդ ակտը։ Փաստորեն՝ եթե հանձնաժողովի ստեղծման նպատակը ուղևորափոխադրումների վարձի կիրառման մեխանիզմների և զեղչերի համակարգի ներդրումն է, ապա հանրային քննարկումներ եթե լինեն էլ, ապա ուղեվարձի չափը հարց այդտեղ ուղղակի չի քննարկվելու։

Որպես հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետ այս պահին նշվում է սեպտեմբերի 30-ը, հավանաբար այն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին։
XS
SM
MD
LG