Մատչելիության հղումներ

Դիմում Էթիկայի հանձնաժողովին՝ Տարոն Մարգարյանի հարցով


«Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» երեկ դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին հասցեագրած դիմումով խնդրել է պարզել՝ «ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետ Տարոն Մագարյանը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ»:

Նույն դիմումի երկրորդ խնդրանքն է պարզել՝ «ներդրումները կառավարելիս քաղաքապետը չի՞ օգտագործել արդյոք պաշտոնական դիրքը և լիազորությունները»:

Դիմումի մեջ նշված է․ - «Վերջին օրերին, կապված ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ, առավել հաճախացել են հրապարակումները քաղաքապետի բիզնես-գործունեության, մասնավորապես, այն մասին, որ որոշ երթուղիներ սպասարկող կազմակերպություններ պատկանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա մերձավոր ազգականներին»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր Երևանի քաղաքապետարանի պատասխանը, ըստ որի՝ մասնավորապես 5 և 32 երթուղիները սպասարկում է «Ռոբերտ-Տարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Մամուլում պնդումներ կան, որ այդ ընկերությունը պատկանում է Տարոն Մարգարյանին և նրա աներձագին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին:

«Թրանսփերենսի ինթերնեշնլը» օրեր առաջ դիմել է նաև Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով «Երևան քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների», «Ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը», բացի այդ՝ «Ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները»:

Այս առնչությամբ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասաց․ - «Այդ կազմակերպությունների տվյալներն ուսումնասիրելուց հետո մենք կարող ենք պատկեր կազմել, թե ովքեր են այդ գծատերերը իրավական առումով: Մենք գիտենք, որ շատերի հետևում թաքնված կլինեն տանիքներ, այսպես ասած, որոնք քողարկված կլինեն, և չի բացառվում, որ նույն Տարոն Մարգարյանը լինի տանիք որոշ գծերի համար և առնվազն հայտնի է, որ մի քանի գծերի սպասարկող ընկերությունը «Ռոբերտ-Տարոն» ընկերությունն է, որը նրա աներձագին է պատկանում․․․ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանում աներձագը բավականին մերձավոր ազգական է համարվում և ակնհայտորեն հովանավորվում է նույն Տարոն Մարգարյանի կողմից»:

Էթիկայի հանձնաժողովին հասցեագրված դիմումի մեջ «Թրանսփերենսի ինթերնեշնլը» նաև նշել է․- «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում մինչ օրս շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿԸՀ ներկայացնելուց հետո: Մինչդեռ, ըստ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011թ. և 2012թ. գույքի և եկամուտների հայտարարագրի Տ.Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013թ. հունվար-փետրվար ամիսներին»:

Այս առնչությամբ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Կամ Տարոն Մարգարյանը երկու ամսում՝ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ձեռք է բերել բավականին մեծածավալ գույք՝ ունենալով քաղաքապետի իր աշխատավարձը, կամ ստել է հայտարարագրերից մեկում»:

Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցելու դեպքում պարտավոր է որոշում կայացնել մեկամսյա ժամկետում: Մինչ օրս այս հանձնաժողովի որոշման հիմքով որևէ անձ դեռ պաշտոնից չի զրկվել պաշտոնական լիազորությունների և բիզնեսի շահերի բախման պատճառով:
XS
SM
MD
LG