Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն չի շտապում գնահատել Պռոշյանի գյուղապետի ընտրությունները


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) առայժմ ձեռնպահ է մնում որևէ գնահատական տալ Պռոշյանում երեկ տեղի ունեցած գյուղապետի ընտրություններին՝ չնայած պարտված դաշնակցական թեկնածուն պատրաստվում է բողոքարկել քվեարկության արդյունքները՝ պնդելով, թե ՀՀԿ-ական թեկնածուն ընտրակաշառք է բաժանել, նաև՝ համատարած օգտագործվել է վարչական ռեսուրսը:

Նշենք, որ ինքնառաջադրված դաշնակցականը՝ Վովա Սահակյանը, հաղթած ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին պարտվել է ընդամենը 76 ձայնի տարբերությամբ:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրաժարվելով որևէ գնահատական տալ ընտրություններին՝ ասաց, որ նախ ընտրությունների ընթացքը պետք է քննարկեն տեղի դաշնակցականների հետ, ինչից հետո՝ «եթե հարմար լինի», կարձագանքեն:

Դաշնակցությունը, հիշեցնենք, պաշտոնապես թեկնածու չէր առաջադրել՝ փաստարկելով, թե այդպիսով փորձել է խուսափել նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո առաջացած լարվածության մեծացումից:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վարդանյանն ընդգծել էր, թե գյուղը պիտի վստահ լինի, որ ընտրություններն արդար են անցել, հակառակ պարագայում լարվածությունը մնալու է, և ավելին՝ բացառված չէ, որ հանգեցնի մեկ այլ ողբերգության:

Մինչ Դաշնակցությունը լռում է, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը պնդում են, որ Պռոշյանի գյուղապետի ընտրություններում «հաղթել է փողը»:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ՝ ժողովրդի համատարած դժգոհության պայմաններում այսօրվա իշխանությունը ընտրություններում հաղթելու շանս չունի:

«Հետեւաբար հերթական անգամ հաղթեց փողի գործոնը, հաղթեց ռեժիմի բիրտ գործելաոճը․․․ հաղթել է փողը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

«Ժառանգության» ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանը Պռոշյանի գյուղապետի ընտրությունները համեմատեց «օֆշորային սկանդալ»-ի հետ, երբ բոլորը գիտեն, որ տեղի է ունեցել ապօրինություն, բայց չկան համապատասխան մարմիններ եւ քաղաքական կամք:

«Այո՛, բաժանվել է ընտրակաշառ, այո՛, ահաբեկության են ենթարկվել այն անձինք, ովքեր ստիպված գնացել են եւ ընտրել են, օրինակ, հանրապետական կուսակցության ներկայացուցչին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ընտրակաշառք բաժանողներին պետք է բացահայտեն իրավապահ մարմինները․ - «Ո՞վ չգիտի, որ գումարներ են բաժանվում՝ 5 հազար կամ 10 հազար դրամ: Ո՞վ չգիտի, որ նաեւ այդ գումարների շնորհիվ են ձեռք բերում քվեներ: Իրավապահ մարմինները ուղղակի չեզոք կեցվածք են ցուցաբերում՝ քաջատեղյակ լինելով, եւ այդ ամենը տեղի է ունենում»:

Ընդդիմադիր պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ ընտրություններից հետո Պռոշյանում լարվածությունը կշարունակվի: Նշենք, որ հատկապես լարված են սպանված գյուղապետի հարազատների եւ ընտրություններում նախնական տվյալներով հաղթած թեկնածուի հարաբերությունները:

Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ կարող են բախումներ լինել․ - «Կարծում եմ, որ նորից բախումներ կլինեն այնտեղ: Աստված մի արասցե, որ դա նույն ելքով լինի»:

Իսկ հաղթած թեկնածուի կուսակից, իշխանական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, արձագանքելով Վովա Սահակյանի պնդմանը, թե ընտրակաշառք է բաժանվել, ասաց՝ եթե կոնկրետ փաստեր կան, հարկավոր է դիմել իրավապահ մարմիններին: Հակառակ պարագայում, ըստ ղեկավար ՀՀԿ-ականի, ստացվում է, որ ցանկացած ընտրություններից հետո պարտված կողմը կարող է նման հայտարարություններով հանդես գալ:

«Ես վստահ եմ, որ մեր քաղաքական թիմի կողմից որևէ նման նախաձեռնությունը, որևէ նման նպատակ, որևէ նման անհրաժեշտություն չի առաջացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հովհաննես Սահակյանը:
XS
SM
MD
LG