Մատչելիության հղումներ

Սպանվել է Պռոշյանի գյուղապետը


Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին, ըստ համագյուղացիների, հայտնաբերել է նրա եղբայրը՝ Աշոտ Մուրադյանը:

50-ամյա դաշնակցական գյուղապետն սպանվել է այսօր առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաեւ կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հայաստանի ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանը լրագրողների հետ հարցազրույցում նշեց, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:

«Առայժմ հայտնի չէ, թե ինչ զենքից է: Ներկայումս հարուցվել է քրեական գործ եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ` Մուրադյանի մահվան պատճառները պարզելու եւ դեպքի համար կարեւոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար», - նշեց Սարգսյանը:

Նախաքննության շահերից ելնելով` նա այլ տեղեկություններ չհաղորդեց: Միայն նշեց, որ ձերբակալվածներ չկան: Կասկածյալների, ականատեսների ու վարկածների մասին ոչինչ չասաց:

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինն այս դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ գյուղապետը ահաբեկչության զոհ է դարձել:

«Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաեւ, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության եւ անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք է», - ասված է հայտարարությունում:

Դաշնակցությունը նաեւ նշում է, որ Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը. - «Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսեւորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին», - հայտարարում է Դաշնակցությունը:

Կուսակցությունը պահանջում է հանցագործության արագ եւ լիարժեք բացահայտում, կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում:

Պռոշյանցիներից շատերն էին այսօր վաղ առավոտից հավաքվել գյուղապետարանի շենքի առջեւ: Բակում կայանված էր գյուղապետի ավտոմեքենան: Շենքի մուտքի մոտ՝ ավտոմեքենայի հարեւանությամբ գետնին արյան հետքեր կային:

Գյուղապետարանի շենքի անմիջական հարեւանությամբ գործող կրպակի վաճառողը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Եղբայրն էր գոռում 9-ին, 9-նն անց երկու-երեք րոպե: [Կրակոց] չեմ լսել»:

Կրպակի դիմաց գտնվող դեղատան աշխատակիցը պատմեց, որ դեղատան տնօրենը, լսելով ձայներ, մոտ է վազել, բայց գյուղապետին փրկել չի հասցրել:

Պռոշյան էին եկել գյուղապետի մարտական ընկերները: Մուրադյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից էր: Համագյուղացիներին ու սպանվածի մարտական ընկերներն ասում էին, որ Մուրադյանը լավ գյուղապետ էր, բարի մարդ էր ու թշնամիներ չուներ: Պատմում էին, որ իսկապես չգիտեն, թե ով կարող էր Մուրադյանի վրա ձեռք բարձրացնել եւ որ գյուղապետարանի շենքի շրջակայքում մինչեւ սպանությունը կասկածելի անձ չեն նկատել: Գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը եւս խուսափում էր որեւէ հարցի պատասխանել:

ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանն անցած աշնանն էր վերընտրվել գյուղապետի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG