Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները կրկին են նստացույց սկսում


Երեքշաբթի առավոտյան պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երկրորդ անգամ նստացույց սկսեց Ազատության հրապարակում:

Ավետիսյանի ու նրա ակցիային միացած մյուս ազատամարտիկների պահանջները նույնն են` սոցիալական վիճակի բարելավում:

Անցած ամիս` առաջին նստացույցից հետո, ազատամարտիկների պահանջներով նամակը Կառավարությունը վերահասցեագրել էր Ֆինանսների նախարարություն, որտեղից խոստացել էին պատասխանել մինչեւ մայիսի 23-ը:

«Մինչեւ հիմա կառավարություն չի պատասխանել մեր նամակին: Որոշեցինք 3 օրով նստացույց: Հինգշաբթի օրը կգնանք Կառավարություն` մեր բողոքը արտահայտելու եւ որոշակի պատասխան ստանալու: Եվ քանի որ դեռ հարցը լուծված չէ, ցույց ենք տալիս, որ պայքարելու ենք: Թող իմանան, որ չենք լռելու, մեր պահանջները կատարեն: Եվս մեկ անգամ մեր սերունդները իմանան, որ իրենց ազատամարտիկները, իրենց երկրի համար կռվող տղաները սոված չեն մեռնելու»:

Ավետիսյանին զայրացնում է Կառավարության անտարբերությունը. - «Նախնական ինչ-որ բան կարող էին ասել: Այսօր առավոտյան եւս մտել եմ իրենց սայթը, ոչ մի պատասխան չկա: Գրված է` Ձեր դիմումը գտնվում է Ֆինանսների նախարարությունում: Մենք էլ գտնվում ենք այստեղ, որպեսզի արձագանք ստանանք»:

Արցախյան պատերազմի մասնակիցները, հիշեցնենք, պահանջում են բարձրացնել կենսաթոշակները մինչեւ 200 հազար դրամ, քանի որ այսօրվա շուրջ 70 հազար դրամով չեն կարողանում լուծել իրենց տարրական կենցաղային խնդիրները:

Հարցին, թե ինչպես պիտի աղքատ պետությունը լուծի իրենց պահանջները, Ավետիսյանը պատասխանեց. - «Բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, նայում ենք հեռուստացույց, տեսնում ենք, թե պետական բյուջեն ոնց են լվանում… այդ գումարները թող մի հաշվի համար բացեն ազատամարտիկների համար, այս խավի համար: Բյուջեն թող ճիշտ բաշխեն, յուրաքանչյուրին իրեն հասանելիքը տան»:

Նստացույցի մեկ այլ մասնակից` Ստեփան Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ծայրահեղ աղքատության մեջ են գտնվում հազարավոր ազատամարտիկներ. - «Հարյուր հոգի զանգում են, թե` 500 դրամ չկա, որ ավտոբուսով գամ հասնեմ»:

Ստեփանյանը վստահեցրեց, որ չեն արտագաղթելու, պայքարելու են իրենց արժանապատիվ ապրելու իրավունքի համար. - «Այս վերջերս խոսքեր են ասում ` երկիրը երկիր չի… Ո՞նց երկիր չի, մեռնեմ այս երկրին, այս հողին, այս ջրին: Գնա աշխարհը ման արի ու տես, որ այսպիսի երկիր չկա: Ուրիշ բան եթե ասեն` Կառավարությունը չի կառավարում այնպես, ինչպես հարկ է»:

Բողոքող ազատամարտիկների պատվիրակությանը, հիշեցնենք, ընդունել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոստանալով նրանց պահանջները ուսումնասիրելուց հետո ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Ազատամարտիկները փոխանցեցին, որ տարբեր անհատներից եւ պետական կառույցներից ոչ պաշտոնական առաջարկներ են ստանում պայքարը դադարեցնելու շուրջ: Իրենք, սակայն, մտադիր են պայքարել, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:
XS
SM
MD
LG