Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները շարունակում են դժգոհել


Ազատամարտիկները ցուցապաստառները Ազատության հրապարակում անցկացված նստացույցի ժամանակ:
Ազատամարտիկները ցուցապաստառները Ազատության հրապարակում անցկացված նստացույցի ժամանակ:
Ղարաբաղյան պատերազմում վիրավորված ազատամարտիկները շարունակում են բարձրաձայնել իրենց խնդիրները:

Նրանք պահանջում են բարձրացնել կենսաթոշակները մինչեւ 100-200 հազար դրամ` ներկայիս շուրջ 80 հազար դրամի փոխարեն:

«Բա հաղթած զինվորը այսօր ընկճված ու գլուխը կախ ման գա՞: Ազատամարտիկները տվել են հնարավորություն Հայաստանի Հանրապետությանը, որ ժամանակ գտնի բանակաշինությամբ զբաղվելու համար», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց ազատամարտիկ, պատերազմի հաշմանդամ Կարեն Մելիքբեկյանը` հավելելով, որ անգամ իրեն անհրաժեշտ դեղորայքը գնելու համար ստիպված է դիմել ընկերներին, քանի որ պոլիկլինիկայում պնդում են, որ տվյալ դեղորայքը թանկարժեք է, եւ իրենք այն անվճար տրամադրելու հնարավորություն չունեն:

«Ինչքա՞ն կարելի է գնալ խնդրողի դերում լինել: Հնարավոր չէ՞ սոցիալական, ֆինանսական հարցերը կարգավորել: Եթե օրենքը թղթի վրա է ու չի գործում, ուրեմն թող մեր ֆինանսական հարցերը լուծեն, որպեսզի մենք էլ պրոբլեմ չունենանք, տվյալ գումարով գնանք ե'ւ բժշկին վճարեն, ե'ւ կոնկրետ դեղորայքը վերցնենք», - նշեց Մելիքբեկյանը:

Հայտարարելով, որ նույնպիսի վիճակում են շուրջ 3 հազար ազատամարտիկներ` նա շարունակեց. - «Իրենք բոլորը բարոյական իրավունք ունեն արժանապատիվ ապրելու: Որ իրենք հոգեպես իրենց վատ չզգան, զգան, որ մեծ գործ են արել»:

Ղարաբաղյան պատերազմի հաշմարդամ, երկու երեխաների հայր, 38-ամյա Ռոբերտ Նազարյանը ասաց, որ գոյատեւում են իր եւ ծեր ծնողների թոշակով. -«Ձմռանը գազը չենք կարողանում օգտագործել` վախենալով, թե ոնց ենք մուծելու գումարները: Երեխաներս ցրտի մեջ են ապրում»:

Արցախյան պատերազմի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:

Մայիսի 11-ին, հիշեցնենք, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում նստացույց սկսեց` պահանջելով որպեսզի պետությունը ուշադրություն դարձնի ազատամարտիկների կենսաթոշակի հարցին: Նստացույցի ընթացքում Ազատության հրապարակում տասնյակ դժգոհ ազատամարտիկներ հայտնվեցին, ինչից հետո նրանք ստորագրահավաք կազմակերպեցին եւ, երթով հասնելով Հանրապետության հրապարակ, կառավարություն հանձնեցին իրենց դիմումը:

Այսօր ազատամարտիկներին Կառավարությունից պատասխանել են, որ նամակը վերահասցեագրվել է Ֆինանսների նախարարություն, որտեղից իրենց կպատասխանեն մինչեւ մայիսի 23-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG