Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործով տուժողների փաստաբանների միջնորդությունը բավարարվել է մասամբ


«Հարնսաքար»-ի միջադեպի բոլոր մեղավորներին պատժել պահանջող քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ցույցը Ոստիկանության շենքի մոտ: 9-ը օգոստոսի, 2012թ.
«Հարնսաքար»-ի միջադեպի բոլոր մեղավորներին պատժել պահանջող քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ցույցը Ոստիկանության շենքի մոտ: 9-ը օգոստոսի, 2012թ.
Ոստիկանությունը միայն մասամբ է բավարարել Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների միջնորդությունը` գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրելով 5 օր: Փաստաբանները, մինչդեռ, միջնորդել էին, որպեսզի իրենց լրացուցիչ 30 աշխատանքային օր տրամադրվի` մոտ 1000 էջ կազմող երեք հատորանոց գործի նյութերին ծանոթանալու համար:

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններից Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ երկու օր առաջ` օգոստոսի 8-ի ուշ երեկոյան Ոստիկանությունը իրենց է փոխանցել գործի նյութերը: Հաջորդ օրը փաստաբանները խնդրել էին լրացուցիչ 30 աշխատանքային օր` հիմնավորելով, թե ուղղակի հնարավոր չէ այդքան կարճ ժամկետում ծանոթանալ նման մեծածավալ գործի նյութերին:

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի եւ Հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան հետ կապված մեղադրվում են վեց հոգի, որոնք բոլորն էլ կալանավորված են եւ որոնց բոլորին ներկայացված հիմնական մեղադրանքն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Վահե Ավետյանի մահը ցնցել է հայաստանյան հասարակությանը: Ստեղծվել են քաղաքացիական մի քանի նախաձեռնություններ, որոնք պահանջում են պատժել «Հարսնաքար»-ի ողբերգության բոլոր մեղավորներին եւ որպես տեղի ունեցածի պատճառ նախևառաջ նշում են «Հայաստանում առկա քրեաօլիգարխիկ համակարգը»:

Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ գործող մյուս տուժողների փաստաբանները` Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը բազմիցս են բողոքել, թե Ոստիկանությունը փորձում է կոծկել գործը` տարաբնույթ խոչընդոտներ ստեղծելով իրենց աշխատանքում:
XS
SM
MD
LG