Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերն. «Հայաստանի քաղաքացիական հասարակությունն աճում է»


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը ելույթներից մեկի ժամանակ, արխիվային լուսանկար
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը ելույթներից մեկի ժամանակ, արխիվային լուսանկար

ԱՄՆ-ի դեսպանը ողջունում է «այն խիզախ ու նվիրյալ հայերին, ովքեր ամեն օր եռանդագին աշխատում են դրական փոփոխություններ ապահովելու նպատակով»։

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից վերջերս կատարված գնահատման տվյալներով` Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հզորությամբ երկրորդն է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների շրջանում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը իր հերթական` 26-րդ տեսաբլոգում։

«Վերջերս մենք ականատեսն ենք եղել մի քանի արդյունավետ արշավների, որոնց շրջանակներում հայերը հանդես էին գալիս դրական փոփոխությունների խթանման դիրքերից», - ասել է դեսպանը` մանրամասնելով. - «Հունիսին պետքարտուղար Քլինթոնը եւ միջազգային հանրությունը իրենց գնահատանքը հայտնեցին բնապահպաններին, ովքեր խաղաղ ակցիաների միջոցով պաշտպանել էին Թռչկանի ջրվեժն ու հարակից պահպանվող տարածքը։ Նույն բնապահպանների խմբի մի մասն էլ հաջողության է հասել Մաշտոցի այգու կանաչ տարածքը պահպանելու հարցում։ Քաղաքացիական հասարակությունը նաեւ ակտիվություն հանդես բերեց Երեւանի պատմական Փակ շուկայի հարցում։ Հենց վերջերս էլ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ունեցած միջադեպի հետեւանքով բողոքի մեծ ալիք առաջացավ, որի մասնակիցները պահանջում էին պատասխանատվության ենթարկել ծեծելու միջոցով զինվորական բժշկին մահվան հասցնելու ողբերգական դեպքի մեղավորներին»։

«Հայաստանի քաղաքացիական հասարակությունն աճում է, եւ ինչպես նշված օրինակներն են ցույց տալիս, այն օրեցօր դառնում է առավել հզոր եւ առավել արդյունավետ», - հայտարարել է դեսպանը։

«Սակայն անելիք դեռ շատ կա», - նշել է Ջոն Հեֆերնը եւ շարունակել. - «Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջ ծառացած խոչընդոտներից մեկը մատուցած ծառայությունների դիմաց վճարումներ ստանալու իրավական սահմանափակումն է այս կազմակերպությունների համար, ինչը վերջիններիս թույլ կտար ֆինանսապես առավել ապահովված լինել։ Միացյալ Նահանգներում մենք հարկային օրենսդրությամբ աջակցում ենք հասարակական կազմակերպություններին»։

«Չնայած լուծման կարիք ունեցող խնդիրներին, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հպարտանալու շատ բան ունի։ Մենք ողջունում ենք այն խիզախ ու նվիրյալ հայերին, ովքեր ամեն օր եռանդագին աշխատում են դրական փոփոխություններ ապահովելու նպատակով։ Իսկ մենք, որտեղ կարող ենք, ուրախությամբ հանդես ենք գալիս որպես գործընկեր, որպեսզի Հայաստանը դառնա ավելի հզոր, ավելի բարեկեցիկ ու ավելի ժողովրդավարական երկիր», - հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG