Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործով կան նաեւ այլ կասկածյալներ


«Հարսնաքար» ռեստորանը Երեւանում
«Հարսնաքար» ռեստորանը Երեւանում
Ոստիկանությունը ձեռք է բերել ապացույցներ այն մասին, որ «Հարսնաքար»-ի գործով 6 կալանավորվածներից բացի ծեծկռտուքին մասնակցել են եւս մի խումբ մարդիկ։

«Ձեռք ենք բերել որոշ ապացույցներ այն մասին, որ բացի արդեն հրապարակված 6 անձանցից, մասնակցել են նաեւ այլ անձինք։ Մենք ունենք մի խումբ անձանց մասնակցություն՝ բացի գործով 6 մեղադրյալներից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչության Երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, - «Մենք բազմաթիվ գործողություններ ենք կատարել՝ պարզելու ե՛ւ քանակը, ե՛ւ նրանց ինքնությունները, սակայն դրական արդյունք դեռ չունենք։ Չպարզված անձանց մասով նախաքննությունը դեռ շարունակվում է»։

Հիշեցնենք` հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

Միջադեպից շատ չանցած՝ զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը, ով նույնպես դաժան ծեծի էր ենթարկվել նշված ռեստորանում, «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր, որ իրենց ծեծի են ենթարկել 10-15 հոգի:

Մինչդեռ, Ոստիկանությունը հետագայում կալանավորեց եւ մեղադրանք ներկայացրեց 6-ին: Ներկայացված հիմնական մեղադրանքն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

6 հոգու նախաքննությունը ավարտվեց


Արսեն Այվազյանը նաեւ տեղեկացրեց, որ նշված վեց հոգու մասով քրեական գործը անջատվել է մայր գործից, քանի որ այդ վեցի մասով արդեն իսկ կան անհրաժեշտ ապացույցներ մեղադրանքը ներկայացնելու համար: Նրանց մասով նախաքննությունն այսօր ավարտվել է։ Ըստ ընթացակարգի, գործի նյութերն այժմ հանձնվելու են կողմերին, որոնք կարող են ունենալ միջնորդություններ: Միջնորդությունների հարցը լուծելուց հետո գործը կուղարկվի դատախազություն, եւ եթե այնտեղ հաստատվի Ոստիկանության կազմած մեղադրական եզրակացությունը, գործը կմտնի դատարան:

Երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն` Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ:

Մոմավառությունը այնուհետեւ շարունակվեց երթով դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն: Միջադեպեր չեղան, ակցիայի մասնակիցները պահանջում էին պատժել «Հարսնաքար»-ի ողբերգության բոլոր մեղավորներին:

please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG