Աբդուլա Օջալանը կոչ է անում վայր դնել զենքերը։ 1984 թվականից թուրքական պետության դեմ զինված պայքար մղող Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրն իր «Խաղաղության և ժողովրդավարական հանրության մասին կոչ» վերնագրված ուղերձն այսօր փոխանցեց Իմրալի կղզում գտնվող բանտ ժամանած իր յոթ կողմնակիցներին։ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ DEM կուսակցության անդամները շտապեցին այդ ուղերձը հանրությանը փոխանցել Ստամբուլում հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Քրդական բանվորական կուսակցության կազմում գործող բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքերը։ Այս կոչը ես եմ անում, և ես եմ ստանձնում այս քայլի պատմական պատասխանատվությունը։ Ես նաև դիմում եմ Քրդական բանվորական կուսակցության իմ ընկերներին՝ համագումար հրավիրելու և դրա ընթացքում կազմակերպության ինքնալուծարման մասին որոշում կայացնելու խնդրանքով»,- նշված է Օջալանի ուղերձում։
Մինչև վերջին պահը հստակ չէր՝ ինչ ֆորմատով է Օջալանը դիմելու իր կողմնակիցներին։ Քուրդ խորհրդարանականները պահանջում էին, որ նրան թույլ տրվի տեսաուղերձով հանդես գալ։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը, սակայն, բացառեց այդ տարբերակը։
«Մեր օրենսդրության մեջ հստակորեն նկարագրված է, թե դատապարտյալներն ում հետ կարող են հանդիպել և ինչպես։ Հստակեցվում են փաստաբանների և հարազատների հետ բանտերում կազմակերպվող հանդիպումների մանրամասները։ Տեսաուղերձների մասին, սակայն, մեր օրենսդրությունը ոչինչ չի ասում»,- նշել է Թուրքիայի արդարադատության նախարարը։
Ի վերջո կողմերը կանգ առան այսօրվա տարբերակի վրա՝ գրավոր հայտարարություն կից լուսանկարով։ Սա, ի դեպ, դարձավ Օջալանի՝ 2015 թվականից ի վեր հրապարակված առաջին լուսանկարը։ Առանցքայինը, սակայն, ոչ թե Օջալանի ուղերձի ձևաչափն էր կամ նույնիսկ բովանդակությունը, որն, ի դեպ, կանխատեսելի էր, այլ այն ամենը, ինչ նախորդեց այսօրվա իրադարձությանը։
Օջալանի՝ զենքը վայր դնելու կոչին նախորդել էին շուրջ կես տարի տևած գաղտնի բանակցությունները։ Դրանք մեկնարկեցին աշնանը՝ քրդերի գլխավոր ընդդիմախոսի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելիի բավական անսպասելի կոչից հետո։
Այս գործիչը, որ տարիներ շարունակ հանդես էր գալիս քրդական խնդրի լուծման ամենակոշտ մեթոդների օգտին, աշնանը հայտարարեց՝ եկել է քրդերի հետ հաշտության եզրեր գտնելու պահը։ Քրդերի համոզմամբ՝ այժմ Բախչելիի ավագ կոալիցիոն գործընկեր նախագահ Էրդողանն է, որ պետք է պատասխանի Օջալանի քայլին։
«Այժմ անելիք ունի պարոն Էրդողանը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար։ Ամեն ինչ նրա ձեռքում է։ Մենք կոչ ենք անում նրան փոխվստահության ամրապնդմմանն ուղղված քայլեր ձեռնարկել և այդ գործողություններով մնալ պատմության մեջ»,-օրերս հայտարարել է քրդամետ DEM կուսակցության փոխնախագահ Թունջեր Բաքիրխան։
Քուրդ գործիչները հույս ունեն, որ այսօրվա հայտարարությանն ի պատասխան՝ Օջալանի խափանման միջցը կփոխվի՝ փոխարինվելով տնային կալանքով։ Վերջին սոցհարցումները, սակայն, վկայում են, որ Թուրքիայի բնակչության 84 տոկոսը դեմ է նման քայլին։ Թուրքական ընդդիմության համոզմամբ էլ՝ քրդերի հետ հաշտեցման հերթական փորձը Ռեջեպ Թայիփ Էրդողանին անհրաժեշտ է լինելու սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու, իր նախորդ նախագահական ժամկետները չեղարկելու և 2028-ին մեկ անգամ ևս առաջադրվելու համար։
Սահմանադրությունը փոխելու համար, սակայն, Էրդողանին խորհրդարանում չեն բավարարում հենց քուրդ պատգամավորների քվեները։