Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ DEM կուսակցության յոթ հոգանոց պատվիրակությունն այսօր առավոտյան մեկնել է Իմրալի կղզում գտնվող բանտ, որտեղ արդեն 26 տարի է, ինչ պահվում է ցմահ ազատազարկման դատապարտված Աբդուլա Օջալանը։ Սա քուրդ պատգամավորների և արդեն 40 տարի թուրքական պետության դեմ զենքը ձեռքին մարտնչող Քրդական բանվորական կուսակցության հիմնադրի երրորդ հանդիպումն է դեկտեմբեր ամսից ի վեր։
DEM-ի պատգամավորները պնդում են, որ Օջալանի հետ իրենց ակտիվացած շփումները կարող են հանգեցնել «պատմական փոփոխությունների»։ Այս մասին օրերս Անկարայում հայտարարել է կուսակցության համանախագահ Թունջեր Բաքիրխանը։
«Պարոն Օջալանն առաջիկա օրերին պատրաստվում է պատմական մի կոչ հնչեցնել՝ հանուն քրդական խնդրի համապարփակ և վերջնական լուծման, ինչպես նաև Թուրքիայում ժողովրդավարության կառուցման։ Մենք լիովին պատրաստ ենք քրդական խնդրի լուծմանը։ Մենք նաև կոչ ենք անում կառավարությանն ամրապնդել այս գործընթացում իր դերակատարության հիմքերը»,- ասել է պատգամավորը։
Վերջին մի քանի օրերին քուրդ պատգամավորների և իշխանությունների միջև առկա հիմնական տարաձայնությունները վերաբերում էին ոչ այնքան Օջալանի սպասվող հայտարարության բովանդակությանը (այն վերաբերելու է Թուրքիայի դեմ զինված պայքարի դադարեցմանը- հեղ.), այլ այդ «պատմական կոչի» ձևաչափին։ Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ Օջալանին պետք է իր աջակիցներին տեսաուղերձով դիմելու հնարավորություն տրվի։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը, սակայն, այս պահանջը կտրականապես մերժեց։
«Մեր օրենսդրության մեջ հստակորեն նկարագրված է, թե դատապարտյալները ում հետ կարող են հանդիպել և ինչպես։ Հստակեցվում են փաստաբանների և հարազատների հետ բանտերում կազմակերպվող հանդիպումների մանրամասները։ Տեսաուղերձների մասին, սակայն, մեր օրենսդրությունը ոչինչ չի ասում»,- նշել էր Թուրքիայի արդարադատության նախարարը։
Այս պահին դեռ հստակ չէ, թե ԵՄ և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանը ինչ ֆորմատով կդիմի իր աջակիցներին։
Չի բացառվում, որ այսօր արդեն նա գրավոր մի տեքստ փոխանցի իրեն այցելած պատգամավորներին, որոնք էլ կընթերցեն այն։ Դրանից հետո, ըստ քուրդ գործիչների, կգա վերջնական որոշում կայացնելու պահը։ Այդ որոշումը պետք է կայացնի Թուրքիայի նախագահը։
«Այժմ անելիք ունի պարոն Էրդողանը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար։ Ամեն ինչ նրա ձեռքում է։ Մենք կոչ ենք անում նրան փոխվստահության ամրապնդմմանն ուղղված քայլեր ձեռնարկել և այդ գործողություններով մնալ պատմության մեջ»,- նշել է Քրդական կուսակցության համանախագահը։