«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Երեք տարի առաջ այս օրը, երդմնակալության արարողությամբ, մեկնարկեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը։ Այդ առիթով արդեն եղել են եւ դեռ էլի կլինեն անդրադարձեր, հրապարակումներ, որոնց հեղինակները փորձում են ի մի բերել պետության ղեկավարի եռամյա գործունեության արդյունքները՝ դիտարկելով այս կամ այն առանձին բնագավառը կամ ընդհանուր առմամբ։ Գնահատականների ու տեսակետների ամպլիտուդն, իհարկե, մեծ է, նաեւ՝ հակասական, ինչը նույնպես բնական է, կախված այն հանգամանքից, թե տվյալ գնահատականի հեղինակը քաղաքական ո՛ր ճամբարից է։ Տվյալ պարագայում էականն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարումն սկսեց հետընտրական զարգացումների եւ «մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքով պետության ներքաղաքական կյանքի ու, ընդհանրապես, հասարակական բավական ծանր միջավայրի պայմաններում։ Եվ բնական է, որ այդ միջավայրի հաղթահարումն ու թոթափումը պետք է լիներ եւ եղավ նախագահի գործունեության ուղղություններից մեկը»։