«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Տարեսկզբին Կենտրոնական բանկը Հայաստանում կանխատեսում էր բավական բարձր տնտեսական աճ (առաջին կիսամյակում 1,5-3,5, երկրորդում՝ 4,5-7,5 տոկոս)։ Ընդամենը երկու ամիս հետո, այսպես ասած, ճշգրտված ծրագրով, այդ լավատեսությունը կտրուկ նվազեց։ ԿԲ-ն դադարեց 2009 թվականի համար տնտեսական աճ կանխատեսել։ Ավելին, Կենտրոնական դրամատան դիտարկումներով, համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ կնվազի շուրջ 3 տոկոսով։ Այդ կանխատեսումն իր այժմեականությունը պահպանեց ընդամենը մեկ-մեկուկես ամիս։ Կենտրոնական բանկի վերջին գնահատումներով, տնտեսական անկման հավանականությունը գրեթե կրկնակի մեծ է՝ 5,8 տոկոս»։ «Սա արդեն նշանակում է, որ ԿԲ-ն պարզապես չի տիրապետում տնտեսական իրադրությանը», - եզրակացնում է հոդվածագիրը: