Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերանայելու «գողացված ընտրությունների» արդյունքները։
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ հակառակ դեպքում ՆԱՏՕ-ի հավակնություններ ունեցող, ԵՄ թեկնածու երկիրը կկորցնի իր «եվրոպական հեռանկարը»։
Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները ավելի վաղ պնդել են, որ մոտ 300 հազար ձայն կեղծվել է «Վրացական երազանք»-ի օգտին, որը ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը:
«Եթե ճնշում չկիրառվի, դա կնշանակի, որ Արևմուտքը չի արել բավարար ամեն ինչ՝ փորձելով Վրաստանը պահել արևմտյան կողմում և եվրոպական հեռանկարով», - շեշտել է Վրաստանի նախագահը։
Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են «անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ»:
- Պաշտոնական տվյալներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, 4 ընդդիմադիր ուժ է անցել խորհրդարան, որոնք, ինչպես նաև նախագահ Զուրաբիշվիլին չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
- 150-հոգանոց նոր գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ը 89 տեղ կունենա, ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների դաշինք»-ը՝ 19, նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ ևս 16 մանդատ։ Խորհրդարանում ներկայացված կլինեն ևս երկու ուժեր՝ մեծահարուստ Մամուկա Խազարաձեի «Հզոր Վրաստան» և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունները՝ համապատասխանաբար 14 և 12 մանդատներով։