Մատչելիության հղումներ

«Վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը»․ Օրբանը Վրաստանի ընտրությունների մասին


Թբիլիսի, 29-ը հոկտեմբերի, 2024թ․
Թբիլիսի, 29-ը հոկտեմբերի, 2024թ․

«Վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, քանի որ դա տեղի է ունենում հարևան երկրում։ Մենք նաև գիտենք, թե որքան կարևոր է խաղաղությունը։ Հունգարիան խաղաղասեր երկիր է, և մենք գնահատում ենք նաև ձեր խաղաղության ջանքերը։ Ոչ ոք չի ուզում կործանել իր երկիրը և ներքաշվել պատերազմի մեջ։ Ուստի մենք հասկանում ենք վրաց ժողովրդի կայացրած որոշումը. այն ընտրեց խաղաղությունը», - ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ հայտարարել է Օրբանը:

Վկայակոչելով հունգարացի դիտորդների զեկույցներն՝ Օրբանն ասել է, որ այնտեղ խոսքն ազատ և ժողովրդավար ընտրությունների մասին է։

Հունգարիայի վարչապետը միևնույն ժամանակ հայտարարել է, որ իշխող կուսակցությունը հավատարիմ է եվրաինտեգրմանը։ Կոբախիձեն էլ ասել է, թե Օրբանի այցը Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում հատուկ նշանակություն ունի՝ շեշտելով, որ ԵՄ ինտեգրումը Թբիլիսիի արտաքին քաղաքականության գերակայություններից է։

Օրբանը երեկ է ժամանել Թբիլիսի։ Նա առաջինն էր, որ շնորհավորեց Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը։ «Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը», նախօրեին հայտարարել է Բորելը։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 26-ի էին։ Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը, որոշ ընդդիմադիր առաջնորդներ արդեն հայտարարել են մանդատներից հրաժարվելու որոշման մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Երեկ երեկոյան ընդդիմադիրները հանրահավաք էին անում խորհրդարանի շենքի մոտ։

Միջազգային դիտորդները ևս հայտարարում են, որ ընտրություններն անցել են խախտումներով, պետական ռեսուրսների չարաշահումներով, մրցակցային անհավասար պայմաններում։

Վաշինգտոնը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ոչ թե ամրապնդել ավտորիտար առաջնորդների կողմից փառաբանվող քաղաքականությունը, այլ մտածել եվրատլանտյան հանրության հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև դատապարտել է ընտրական խախտումները, պահանջել հետաքննել դրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG