Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլի․ «Վրացական երազանք»-ը հաղթել է «հայկական կարուսելի» շնորհիվ»


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի ենքի դիմաց անցկացվող հանրահավաքում, 28-ը հոկտեմբերի, 2024թ.
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի ենքի դիմաց անցկացվող հանրահավաքում, 28-ը հոկտեմբերի, 2024թ.

Վրաստանի նախագահը ենթադրում է, թե դա «ռուսական ФСБ-ի մեթոդաբանությունն է»։

«Հայկական կարուսել»․ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press գործակալության հետ զրույցում այսպես է անվանում այն հնարքը, որով, նրա պնդմամբ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է հաղթել ընտրություններում։

«Մենք դա կոչում ենք «Հայկական կարուսել»։ Չգիտեմ, գուցե այնտեղ էլ դա «Վրացական կարուսել» են կոչում։ Դա մի մեթոդ է, երբ դեռ մինչև ընտրությունները իշխանությունները հավաքագրում են նպաստառուների և դատապարտվածների ընտանիքների անդամների անձնագրերը։ Հետագայում այդ փաստաթղթերով նույն մարդը քվեարկում է տարբեր տեղամասերում, որոշ դեպքերում՝ ընդհուպ մինչև 17 անգամ», - պնդում էր Զուրաբիշվիլին։

Հարցազրույցում, սակայն, այս վարկածն ապացուցող որևէ փաստ Վրաստանի նախագահը չի հնչեցրել՝ ենթադրելով միայն, թե դա «ռուսական ФСБ-ի [Անվտանգության դաշնային ծառայության] մեթոդաբանությունն է»։

Զուրաբիշվիլին հստակ ապացույցները չէր ներկայացնում նաև երկուշաբթի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ։

«Ձեր քվեն գողացվել է, իշխող ուժը փորձում է գողանալ նաև ձեր ապագան։ Որևէ մեկը, սակայն, դրա իրավունքը չունի, դուք եք, որ դա թույլ չեք տա», - հայտարարում էր Վրաստանի նախագահը։

«Արդար ընտրություններ» անկախ դիտորդական կազմակերպությունը պնդում է, թե շաբաթօրյա ընտրությունների ընթացքում տեղամասերի 13 տոկոսում քվեարկողների կաշառման, 9 տոկոսում էլ՝ կրկնակի քվեարկության կամ լցոնման դեպքեր են արձանագրվել։ Այս կազմակերպությունը նաև քվեների զուգահեռ հաշվարկ է իրականացրել, որի արդյունքները, սակայն, չեն հրապարակվում։ Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները համոզված են՝ պատճառն այն է, որ դրանք համընկնում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ։

«Թող դուրս գան և հստակորեն հրապարակեն զուգահեռ հաշվարկի արդյունքները։ Դա կբացառի շահարկումների հնարավորությունը», - հայտարարում էր «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Ներվրացական այս վեճերի ֆոնին պաշտոնական այցով Թբիլիսիում է ԵՄ նախագահող պետության՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Առաջինն ինչ արեց նա իր վրաց պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների ճանաչումն էր։

«Ես շնորհավորում եմ Վրաստանի վարչապետին ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ։ Ես հետևում եմ այն բանավեճին, որ ընթանում է ընտրությունների շուրջ, ծանոթացել եմ միջազգային կառույցների գնահատականներին և կարող եմ արձանագրել, որ որևէ մեկը չի համարձակվում կասկածի տակ դնել դրանց արդար և ժողովրդավարական բնույթը», - հայտարարում էր Օրբանը՝ հատուկ ընդգծելով, որ վրացական ընտրությունների արդյունքում հաղթել են եվրոպամետ ուժերը, քանի որ «թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը հավատարիմ են եվրաինտեգրման գաղափարին»։

Հունգարիայի վարչապետն, ի դեպ, երեկ երեկոյան Թբիլիսի ժամանելուն պես դեմ առ դեմ բախվեց վրացական ընդդիմության աջակիցների հետ։ Երկուշաբթի երեկոյան մի քանի տասնյակ ընդդիմադիրներ հավաքվել էին այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել էր հունգարական պատվիրակությունը, և այն պահին, երբ Օրբանը դուրս էր գալիս շենքից, նրան դիմավորեցին սուլոցներով և «ամոթ» վանկարկումներով։

Բրյուսելում էլ պնդում են՝ Օրբանը Թբիլիսիում ներկայացնում է բացառապես Հունգարիայի, այլ ոչ թե ողջ Եվրամիության տեսակետը։ Եվրոպական կառույցների ղեկավարները դեռ կիրակի օրն էին կոչ արել Վրաստանի իշխանություններին հետաքննել ընտրություններում արձանագրված խախտումները։ Երեկ այդ կոչերին միացավ նաև պաշտոնական Վաշինգտոնը։

«Վրաստանի ժողովուրդը տեղամասեր է գնացել մի միջավայրում, որ ձևավորվել է իշխող կուսակցության որդեգրած քաղաքականության՝ այդ թվում վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակաշառքների և քվեարկողների ահաբեկման հետևանքով։ Այս ամենը նպաստել է քաղաքական դաշտում անհավասարության ձևավորմանը և խաթարել է հանրային և միջազգային վստահությունը ընտրությունների արդար ելքի հանդեպ։ Մենք միանում ենք միջազգային և տեղացի դիտորդների՝ ընտրախախտումները լիարժեքորեն հետաքննելու կոչերին», - երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Առավելագույն զիջումը, սակայն, որին պատրաստ է գնալ պաշտոնական Թբիլիսին, քվեների մասնակի վերահաշվարկն է, ինչպես նաև ադրբեջանաբնակ Մառնեուլիում գտնվող մեկ տեղամասի արդյունքների չեղարկումը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարեց, որ վերահաշվարկն իրականացվում է բոլոր ընտրարատարածքների «5-ական տեղամասերում՝ ստուգման նպատակով»։

Վրացական ԿԸՀ-ն այսօր հայտարարեց նաև, թե ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները։150-հոգանոց նոր գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ը 89 տեղ կունենա, ընդդիմադիր «Փոփոխությունների դաշինք»-ը՝19, նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ ևս 16 մանդատ։ Խորհրդարանում ներկայացված կլինեն ևս երկու ուժեր՝ մեծահարուստ Մամուկա Խազարաձեի «Հզոր Վրաստան» և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունները՝ համապատասխանաբար 14 և 12 մանդատներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցությունները, այդուհանդերձ, արդեն իսկ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մանդատներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG