Մատչելիության հղումներ

«Ժողովրդավարության պաշտպանությունը կարևոր է ցանկացած պաշտոնից ու անձնական հավակնությունից». Բայդեն


«Ժողովրդավարության պաշտպանությունը կարևոր է ցանկացած պաշտոնից ու անձնական հավակնությունից», - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ այսպես բացատրեց նախագահական պայքարից ետ կանգնելու՝ իր անակնկալ որոշումը, որ հրապարակեց անցած կիրակի։

Սպիտակ տնից դիմելով Ամերիկայի ժողովրդին՝ 81-ամյա նախագահը խոսեց ոչ միայն դրա պատճառների, այլև այն մարտահրավերների մասին, որոնք սպառնում են Նահանգներին՝ նոյեմբերին կայանալիք վճռորոշ ընտրության շեմին:

«Կարծում եմ՝ նախագահի պաշտոնում իմ ձեռքբերումները, աշխարհում իմ առաջնորդությունը, Ամերիկայի ապագայի իմ տեսլականը արժանի էին, որ ես վերընտրվեի։ Սակայն որևէ բան չի կարող կանգնեցնել մեր ժողովրդավարության փրկությունը, այդ թվում՝ իմ անձնական հավակնությունները։ Ուստի ես որոշեցի, որ առաջ գնալու լավագույն ճանապարհն է ջահը փոխանցել նոր սերնդին։ Դա մեր ժողովրդին միավորելու լավագույն ձևն է․ հասարակական կյանքում կա տեղ ու ժամանակ՝ տևական փորձառության համար, բայց նաև՝ նոր, թարմ, երիտասարդ ձայների համար։ Հիմա հենց այդ ժամանակն է», - ասաց նա։

Ավելի քան տասը րոպե շարունակված ելույթում նախագահ Բայդենը վերստին աջակցություն հայտնեց փոխնախագահ Քամալա Հարիսին, ով արդեն երաշխավորել է անհրաժեշտ աջակցություն՝ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

«Նա փորձառու է, խիստ ու կարող,- ընդգծեց Սպիտակ տան ղեկավարը, հավելելով, - ընտրությունը ձերն է։ Ամերիկայի լավագույն կողմերից մեկն այն է, որ այստեղ ոչ թե թագավորները և բռնապետերն են կառավարում, այլ՝ մարդիկ: Պատմությունը ձեր ձեռքերում է: Իշխանությունը ձեր ձեռքերում է։ Ամերիկայի գաղափարը ձեր ձեռքերում է»։

Մրցապայքարից դուրս գալու նրա հայտարարությունից հետո հանրապետականները առավել կտրուկ սկսեցին պնդել, թե Բայդենը չի կարող շարունակել պաշտոնավարումը և պետք է այսօր արդեն վայր դնի նաև նախագահի լիազորությունները։ Նախագահը, սակայն, երեկ մի քանի անգամ ընդգծեց՝ կմնա Սպիտակ տանը մինչև հունվար․ կշարունակի աջակցել Ուկրաինային, ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, կաշխատի Գազայում հրադադարի հաստատման և ներամերիկյան բարեփոխումների ուղղությամբ:

«Սա նշանակում է, որ ես կշարունակեմ նվազեցնել աշխատող ընտանիքների ծախսերը և զարգացնել մեր տնտեսությունը: Ես կշարունակեմ պաշտպանել մեր անձնական ազատությունները և մեր քաղաքացիական իրավունքները՝ քվեարկության իրավունքից մինչև ընտրական իրավունք», - ասաց նա։

Բայդենը դարձավ առաջին նախագահը անցած ավելի քան հիսուն տարում, որ որոշեց չվերընտրվել։ Վերջին անգամ նման որոշում էր կայացրել Լինդոն Ջոնսոնը 1968-ին՝ Վիետնամի պատերազմի հարցում իր դիրքորոշման կտրուկ քննադատություններից հետո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG