ԱՄՆ նախագահական ընտրություններից մոտ 100 օր առաջ նախագահ Ջո Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից՝ աջակցելով փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ «Բայդենի հայտարարությունը մի կողմից անակնկալ էր, մյուս կողմից՝ սպասելի»,- «Ազատությանն» ասում է ամերիկյան քաղաքականության հարցերով պրոֆեսոր Թոմաս Գիֆթը՝ մանրամասնելով. - «Վերջին օրերին նա միաժամանակ երկու պայքար էր մղում. մեկը՝ Դոնալդ Թրամփի ու Հանրապետական կուսակցության, մյուսը՝ սեփական կուսակցության՝ դեմոկրատների դեմ»:
«Բայդենը վատ դրության մեջ էր. ամեն անգամ, երբ որևէ կոնգրեսական կոչ էր անում նրան դուրս գալ պայքարից, դա հարվածում էր նրա հեղինակությանը, բայց նախագահը տեղի չէր տալիս ու իրենն էր պնդում, դեմոկրատները զայրանում, նորից հորդորում էին հրաժարվել, Բայդենն էլ ասում էր՝ ոչ, ու այս փակ շրջանը շարունակվում էր», - նշում է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսորը:
81-ամյա Բայդենի հասցեին քննադատությունը սաստկացավ հատկապես մրցակից Դոնալդ Թրամփի հետ անցած ամսվա բանավեճից հետո, որտեղ նա երբեմն թույլ և շփոթված էր արձագանքում՝ հարցեր բարձրացնելով գերտերությունը ևս չորս տարի կառավարելու կարողության մասին։ Շաբաթներ շարունակված ճնշումներից հետո էր, որ Բայդենը երեկ երեկոյան հրաժարվեց մրցապայքարից։ «Որոշումն ընդունել եմ հանուն կուսակցության ու երկրի լավագույն շահի», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը, միաժամանակ ընդգծելով՝ կշարունակի պաշտոնավարել մինչև հունվար։ Քիչ անց առանձին հայտարարությամբ նա աջակցեց փոխնախագահ Քամալա Հարիսին.
«2020-ին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարիսին՝ որպես իմ փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ուզում եմ իմ լիակատար աջակցությունն ու հավանությունը հայտնել Քամալայի թեկնածությանը՝ որպես մեր կուսակցության այս տարվա թեկնածու: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք անենք դա», - գրել է նա X սոցիալական ցանցում։
59-ամյա Հարիսը ընդունել է մարտահրավերը՝ խոստանալով նվաճել կուսակիցների հավանությունը դեմոկրատների առաջիկա համագումարում, որը կանցնի օգոստոսի 19-22-ը։ Նրա թեկնածության շուրջ, սակայն, կուսակցության ներսում միանշանակ որոշում դեռ չկա․ դեմոկրատների մի մասը՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորությամբ, աջակցել են Հարիսին, մյուսները, մինչդեռ, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, հորդորում են ազատ ընտրություն անցկացնել՝ լավագույնին գտնելու համար։
«Փաստացի, կուսակցության 3 հազարից ավելի պատվիրակներ կարող են ցանկացած մեկին առաջադրել, սակայն, հաշվի առնելով մի շարք գործոններ, Քամալա Հարիսը առավելություն ունի նրանց նկատմամբ», - «Ազատությանն» ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մեթյու Դալեկը:
«Հարիսին դուրս մղելը շատ բարդ կլինի մի շարք պատճառներով. նախ՝ նա ստացել է Բայդենի աջակցությունը, բացի այդ՝ կարող է օգտագործել Բայդենի ընտարշավի համար կուտակված ֆինանսական միջոցներն ու ենթակառուցվածքները։ Նա նաև փոխնախագահ է եղել չորս տարի: Մյուս կողմից, մինչև ընտրություններ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել», - նշում է Դալեկը:
Դեմոկրատական կուսակցության թեկնածու ընտրվելու դեպքում Կալիֆորնիայի նախկին դատախազ և սենատոր Հարիսը կդառնա առաջին սևամորթ կինը, որը կզբաղեցնի իշխող կուսակցության առաջին հորիզոնականը Սպիտակ տան մրցապայքարում: Պաշտոնավարման ընթացքում նախագահ Բայդենը նրան էր վստահել Միացյալ Նահանգների համար մի շարք վճռորոշ ուղղություններ՝ միգրացիայից մինչև ընտրական իրավունքի պաշտպանություն։ Անցած երեք տարիներին Հարիսը նաև տասնյակ երկրներ է այցելել, հանդիպել մոտ 150 առաջնորդների, այդ թվում՝ մասնակցել Ուկրաինայի խաղաղության հարցով Շվեյցարիայում կայացած հավաքին։
«Նա բոլորովին այլ մարդ է, այլ թեկնածու, և նրա աջակիցների ու ընտրողների շրջանակն էլ կարող է Բայդենից շատ տարբեր լինել։ Նրա թեկնածությունը պատմական է և հզորանալու ներուժ ունի», - ասում է պրոֆեսոր Դալեկը։
Հարիսից բացի նախագահի հավանական թեկնածուներ են Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը՝ Նահանգներում այժմ պաշտոն զբաղեցնող ամենահարուստ պաշտոնյան՝ մոտ 3.5 միլիարդ դոլար կարողությամբ, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, ով պայքարում է ներգաղթյալների ու միասեռական ամուսնությունների իրավունքի համար, Թրամփի կոշտ քննադատ, Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերը և Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն, ով հաստատման դեպքում կդառնա հրեական ծագմամբ ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուն։
Այս պահին դեմոկրատների հավանական թեկնածուներից որևէ մեկի, այդ թվում՝ Քամալա Հարիսի վարկանիշը մրցակցից՝ Դոնալդ Թրամփից առաջ չի անցնում։ Առջևում, սակայն, ավելի քան երեք ամիս կա քարոզարշավի համար, որն, ըստ վերլուծաբանների, կարող է դառնալ ամենաթեժն ու մրցակցայինը Նահանգների ժամանակակից պատմության մեջ: