Որպես Ռուսաստանի միջուկային սպառազինության քաղաքականության հերթական մռայլ թռիչք՝ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին զգուշացրեց, որ Կրեմլը կարող է կիրառել միջուկային զենքեր Ռուսաստանի վրա հարձակվող որևէ երկրի դեմ, եթե այդ երկրին սատարում է միջուկային տերություն:
Եթե Ռուսաստանը պատրաստվի զանգվածային միջուկային հարված հասցնել Ուկրաինային կամ Արևմտյան Եվրոպային, աշխարհամասը քիչ բան կարող է անել դա կանգնեցնելու համար:
ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով հետազոտության ինստիտուտի (UNIDIR) ավագ հետազոտող Պավել Պոդվիգը համարվում է Ռուսաստանի միջուկային զենքերի գծով աշխարհի առաջատար արևմտյան հետազոտող: Նա ասում է, թե չկան նախանշաններ, որ նման աղետը որևէ տեղ մոտ է իրականություն դառնալուն, բայց մռայլ պատկեր է ներկայացնում, թե ինչպես կարող է ծավալվել միջուկային հարվածը Եվրոպային:
«Եթե զանգվածային արձակման պես մի բան լինի, կամ [ռուսական] մի քանի հրթիռ արձակվի, ապա բավականին անհնար է երաշխավորել, որ այդ ամենը կարելի կլինի որսալ», - ասում է նա:
ՆԱՏՕ-ի ներքին հաշվարկները, ըստ հաղորդումների, կանխատեսում են, որ Ռուսաստանի կողմից տոտալ հարձակման դեպքում ռազմական դաշինքը պահանջվող օդային պաշտպանության «5 տոկոսից պակասն ունի»:
Ռուսաստանը ենթադրաբար շուրջ 1,700 միջուկային մարտագլխիկ ունի ավելի քան 500 հրթիռներում, որոնք հնարավոր է արձակել րոպեների ընթացքում բունկերներից, շարժական կայանքներից, սուզանավերից և օդանավերից: Միացյալ Նահանգները հավանաբար կլինի առաջնային թիրախը, սակայն հայտնի է, որ այդ հրթիռներից շատերը նախատեսված են Եվրոպայի համար:
Բայց եթե հրթիռները գործնականում անկասելի են, ի՞նչ պետք է անեն քաղաքացիական անձինք միջուկային հարվածի դեպքում:
Որոշ եվրոպական մայրաքաղաքներ պահպանում են «սառը պատերազմի» ժամանակաշրջանի ապաստարաններ, որոնք անաղմուկ թարմացվում են: Կիևում վերջերս միջուկային բունկեր է բացվել և հասանելի դարձել օգտագործման համար:
Պրահայում «սառը պատերազմի» բունկերների ցանցը տեղացիների հետաքրքրության կենտրոնում հայտնվեց 2022-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո: Բունկերները «սոցիալիզմի անկումից հետո դեռևս գործող են և կարող են անհրաժեշտության դեպքում ակտիվացվել», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Պրահա 2 թաղամասի վարչակազմի ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Յան Միկեշը:
Չեխիայի Հանրապետության Հակահրդեհային փրկարար ծառայության խոսնակն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սկսած 2023 թվականից ծառայությունը թարմացնում է «ապաստարանային համակարգի պահանջները և հենց ապաստարանները», առանց մանրամասնելու:
Գերմանիայի Արթալում՝ Բոննի մոտ, այժմ որպես թանգարան գործող միջուկային ռումբի ապաստարանի տնօրեն Հայկե Հոլունդերը հայտնում է վերջին շրջանում այցելուների թվի կտրուկ աճի մասին:
«Հետաքրքրությունն աճել է, հատկապես երիտասարդների շրջանում, Ուկրաինայում պատերազմի պատճառով», - ասաց նա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին: - «Կարո՞ղ է բունկերը դեռ օգտագործվել: Կա՞ միջուկային բունկեր Բեռլինում կառավարության համար: Սրանք են հիմնական հարցերը»:
Բայց նման կտրուկ նախազգուշական միջոցառումները հավանաբար անօգուտ են: Պոդվիգն ասում է, որ Ռուսաստանի միջուկային հարվածը քիչ ժամանակ կթողնի ապաստարանում պատսպարվելու համար: Արձակումից մինչև Կենտրոնական Եվրոպայում թիրախի վրա ազդեցությունը, Պոդվիգի գնահատմամբ, կտևի «մոտավորապես 10 րոպեի կարգի»:
Միացյալ Նահանգներն ունի արբանյակների ցանց, որը կարող է ակնթարթորեն հայտնաբերել արձակվող հրթիռի ծխարձակումը, բայց այդ համակարգը հավանաբար անօգուտ կլինի Ռուսաստանին մոտ գտնվող երկրների համար:
«Միացյալ Նահանգներն ունի այդ բոլոր տեսակի նախազգուշական համակարգերը՝ արբանյակները և այդ ամենը: Սակայն ես կկասկածեի, թե այդ տեղեկատվությունը կարող է շատ արագ կամ առհասարակ հասանելի դառնալ Եվրոպայում Միացյալ Նահանգների դաշնակից պետություններին»:
Մռայլ պատկեր է, թե ինչ կարող են անել արդիական միջուկային զենքերը քաղաքների հետ: Ընդամենը մեկ ռուսական Topol-M հրթիռը կպայթեր՝ առաջացնելով մեկ կիլոմետր տրամագծով կրակե գունդ, որը կհրկիզեր ամեն կենդանի էակի, որին կդիպչեր: 7 կիլոմետր շառավղով շրջանի ներսում անթիվ քաղաքացիական անձինք կմահանային խորը այրվածքներից կամ կճզմվեին հարվածային ալիքից ավերված շենքերի փլատակների տակ: Ապա կհետևեր ճառագայթում, որը կհագեցներ պայթյունը վայրը և կթունավորեր օդն ու ջուրը:
Բրիտանացի ռազմական պատմաբան Բեյսիլ Լիդլ Հարթը 1955 թվականին ականատես է եղել զորախաղի, որում ՆԱՏՕ-ն Խորհրդային Միության հետ լայնածավալ միջուկային պատերազմի սցենար է խաղարկել: ՆԱՏՕ-ն այդտեղ հաղթել է, սակայն երբ հիպոթետիկ փոշին նստել է, պարզվել է, որ Արևմտյան աշխարհի գրեթե բոլոր գանձերը ավերակների են վերածվել: Ավելի ուշ Հարթն այդ փորձառությունը «շատ մտահոգիչ» է որակել: Հաղթանակը, գրել է նա, «կորցրել էր իմաստը»:
Խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչևը, ըստ հաղորդումների, հայտարարել է, որ լայնածավալ միջուկային պատերազմից հետո «ապրողները կնախանձեն մեռյալներին»:
UNIDIR-ի հետազոտող Պոդվիգը զգուշանում է սեփական հաշվարկները բացահայտելուց:
«Ես ուղղակի փորձում եմ չմտածել այդ մասին, քանի որ գիտեմ որոշ կատաստրոֆիկ սցենարներ, որոնք բավականին վատն են», - ասում է նա:
Ինչպես «սառը պատերազմի» բարձրակետին, միակ կոշտ զսպիչ միջոցն այսօր փոխադարձաբար երաշխավորված ոչնչացումն է, որ ապահովում են Արևմուտքի հարյուրավոր սեփական միջուկային հրթիռների կույտերը՝ նախազգուշական արձակման (launch on warning, LOW) վիճահարույց քաղաքականության հետ մեկտեղ:
LOW-ն թույլ է տալիս, որ Միացյալ Նահանգները պատասխան հարվածներ հասցնի նախքան ԱՄՆ հողին հրթիռների հարվածը, եթե հայտնաբերվեն դեպի երկիր թռչող հրթիռներ: Այս քաղաքականությունը կկանխի Ամերիկայի սեփական միջուկային զենքերի ոչնչացումը տեղերում, սակայն քաղաքակրթությանը վերջ տվող սխալի հավանականությունը թողնում է բաց:
Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի միջև անընդհատ աճող լարվածությանը, Պոդվիգն ասում է՝ միջուկային ապոկալիպսիսը միայն հեռավոր հեռանկար է մնում:
«Ես հավատում եմ, որ մինչև բանը հասնի դրան, իրական հնարավորությանը, մենք դեռ կտեսնենք բավական շատ հետագա էսկալացիայի քայլեր», - ասում է նա:
Սպեցիֆիկ հռետորաբանության հետ, կանխատեսում է Պոդվիգը, «մենք կտեսնենք զենքերի որոշ տեղաշարժեր և նման բաներ»:
Նա ասում է՝ վստահ է, որ «շատ անհավանական է մնում, թե դա կարող է ինչ-որ արտառոց բան լինել»: