Մատչելիության հղումներ

Բայդենը ՄԱԿ ԳԱ-ում իր ելույթում վերահաստատեց Վաշինգտոնի աջակցությունը Կիևին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2024թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2024թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում և կոչ արել մյուս երկրներին նույնպես ապահովել, որպեսզի Ուկրաինան հաղթի, պահպանի ազատությունը և հասնի արդար խաղաղության։

Բայդենի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հասել իր նպատակներին՝ չի կարողացել հպատակեցնել Ուկրաինան և թուլացնել ՆԱՏՕ-ն։

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Գազայի հատվածում պատերազմին և իսրայելա - լիբանանյան սահմանին հակամարտությանը վերջ դնելու միակ միջոցը խաղաղ բանակցություններն են։ Միաժամանակ, Բայդենը դատապարտել է ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական ճանաչված իրանամետ «Համաս» և «Հեզբոլա» խմբավորումների գործողությունները՝ կրկին կոչ անելով անհապաղ ազատ արձակել իսրայելցի պատանդներին:

Սա նախագահի պաշտոնում Ջո Բայդենի վերջին ելույթն է ՄԱԿ-ում։ Խոսելով նախագահական ընտրապայքարը լքելու իր որոշման մասին, նա դիմել է այլ երկրների առաջնորդների՝ հորդորելով չկառչել աթոռներից. - «Ձեր պաշտոններից շատ ավելի կարևոր բաներ էլ կան՝ ձեր ժողովուրդները», - հայտարարել է Միացյալ Նահանգների հեռացող նախագահը։

XS
SM
MD
LG