Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։
«Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ», - ադրբեջանական Azertag-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Ալիևը նախ ընդգծել է, որ սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, ԱՄՆ-ում նրանց դարաշրջանն անցել է, ապա հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա։
«Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ կանգնեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
Բաքուն տարիներ շարունակ պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա: