Հարավային Կորեայի օդանավակայանում ավիավթարից առաջ վերահսկող կենտրոնը ինքնաթիռին զգուշացում է ուղարկել թռչունների հետ բախման վտանգի մասին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի տրանսպորտի նախարարությունը։
Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել պատին, հրդեհ է բռնկվել։ Երկրի ազգային հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ առնվազն 151 զոհ կա, ինքնաթիռում 181 մարդ է եղել՝ 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Հայտնի է, որ անձնակազմից 2 հոգի ողջ են։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Սա վերջին երեք տասնամյակների ընթացքում հարավկորեական ավիաընկերության մասնակցությամբ ամենամահաբեր ավիավթարն է։
Այս շաբաթվա ընթացքում ևս մեկ ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։