Մատչելիության հղումներ

Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով


Առնվազն 85 մարդ է զոհվել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Երկրի ազգային հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել՝ բախվելով պատին։

Jeju Air 7C2216 չվերթը ժամանել էր Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից, ինքնաթիռում 181 ուղևոր է եղել։

Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով հրշեջ պաշտոնյային, հայտնում է, որ 175 ուղևորներից և անձնակազմի վեց անդամներից շատերը ենթադրաբար զոհված են:

Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը մինչ այս պահը հաստատել է, որ 85 զոհ կա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Տեղական լրատվամիջոցների տեսանյութերում երևում է, որ երկշարժիչ ինքնաթիռը սահում է թռիչքուղու վրա, ապա պատին բախվում, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունենում: Մյուս լուսանկարներում երևում է, որ ծուխն ու կրակը ամբողջությամբ պատել են ինքնաթիռը:

Սա վերջին երեք տասնամյակների ընթացքում հարավկորեական ավիաընկերության մասնակցությամբ ամենամահաբեր ավիավթարն է։

Քննիչներն այս պահին դիտարկում են թռչունների հետ բախվելու և եղանակային պայմանների տարբերակները՝ որպես ավիավթարի հնարավոր գործոններ: Yonhap-ը, վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյաներին, հայտնել է, որ թռչունների երամի հետ բախվելը կարող էր պատճառ դառնալ:

Ինքնաթիռը շահագործվում է Jeju Air ավիաընկերության կողմից, այն արտադրվել է 2009թ.։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG