Վրացական բանտում գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի վիճակը «ծայրաստիճան վատթարացել է», «մի քանի ժամ անգիտակից վիճակում է եղել», հայտնում է Վրաստանում գործող «Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ն։
«Փետրվարի 6-ին Աֆղան Սադիգովն ընտանիքի խնդրանքով և փաստաբանների առաջարկությամբ համաձայնել է ջուր ստանալ, բայց շարունակում է հացադուլը», - ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ լրագրողը հացադուլի հետևանքով կորցրել է ավելի քան 40 կգ՝ ներկայումս կշռելով 56 կգ։
«Ըստ ուղղիչ հիմնարկի բժիշկների՝ երկարատև հացադուլից հետո նրա առողջությանը հասցված վնասը կարող է անդառնալի լինել», - ահազանգում են վրացի իրավապաշտպանները։
Ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել է անցած տարվա օգոստոսին Բաքվի պահանջով։ Հայրենիքում նա մեղադրվում է շորթման մեջ։ Ինքը՝ Սադիգովը, պնդում է, որ լրագրողական գործունեության համար է թիրախավորվել։
2020 թվականին նա այլ մեղադրանքներով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ադրբեջանում և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն էր հաստատել Վրաստանում։