Մատչելիության հղումներ

ՌԴ-ը նախազգուշացնում է՝ հունիսի 16-ից կարող է Հայաստանից ներկրվող ծաղիկների մուտքը ժամանակավոր արգելել


Վրացական մաքսակետերում ավելի քան մեկ ամիս կանգնած հայկական ալկոհոլային խմիչքների հարցը դեռ ամբողջությամբ չլուծված, հիմա էլ Ռուսաստանն է նախազգուշացնում՝ հունիսի 16-ից կարող է Հայաստանից ներկրվող ծաղիկների մուտքը ժամանակավոր արգելել:

«Ռոսսելխոզնադզորը» 14 օր է տվել Հայաստանին՝ բուսական արտադրանքում հայտնաբերվող վտանգավոր վնասատուների ներթափանցումը կասեցնելու համար, 2 օրն արդեն անցել է: Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային այս ծառայությունն իր հայտարարությունում ընդգծել է, թե իրենց տարածքային բաժինները վարակված բույսերի 13 դեպք են արձանագրել:

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասում է՝ պաշտոնական այդ նամակը ստացել են, բայց նշված չէ, թե ո՞ր ընկերության կամ ո՞ր խմբաքանակի ծաղիկների մասին է խոսքը: Հարությունյանը նաև ասաց՝ այո, Հայաստան երրորդ երկրից ծաղիկ ներկվում է, բայց՝ «ծավալներն այնքան քիչ են, որ բավարարում են մեր երկրում սպառմանը, Ռուսաստան գնացող ծաղիկը հայկական ծաղիկն է»:

«Ինչ վերաբերում է հիվանդությանը, ապա այդ մասով ուսումնասիրություններ արվում են ռուսական կողմի հետ՝ հասկանալու, թե ինչ խնդրի առաջ ենք կանգնած», - նշեց Հարությունյանը:

«Ռոսսելխոզնադզոր»-ն իր պաշտոնական հայտարարությունում չի նշում, արձանագրած այդ 13 դեպքով ի՞նչ է արել. ապրանքը հե՞տ է ուղարկվել, ոչնչացվե՞լ է, մուտքը կասեցվե՞լ է, թե՞ այդուհանդերձ ծաղիկները հասել են ռուսական շուկա:

«Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ 2025-ի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանված ծաղիկների ծավալը հասել է 52 միլիոն հատի, ինչը գրեթե 50 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա այս ժամանակահատվածի ցուցանիշը։ Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով էլ, նախորդ տարի Հայաստանը Ռուսաստանին ծաղիկ մատակարարող հիմնական երկրներից մեկն է, Նիդերլանդներից հետո 2-րդ տեղում է եղել:

Այդուհանդերձ, «Ռոսսելխոզնադզոր»-ը պաշտոնական նամակով կոչ է արել խստացնել վերահսկողությունը արտահանման ուղղությամբ։ Ծառայությունն ընդգծել է՝ վարակված բույսերի 13 դեպքերը և մի շարք այլ խախտումներ, կասկածի տակ են դնում Հայաստանի ֆիտոսանիտարական հսկողության արդյունավետությունը: Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ տեղյակ են, որ խնդիր կա, մտահոգված են. - «Նախարարն ու ոլորտի համակարգող փոխնախարարը զբաղվում են հարցի կարգավորման շուրջ տարվող աշխատանքներով, բայց բուն իրականացումը ՍԱՏՄ դաշտում է: Այս պահին իրենք ակտիվ աշխատանքներ են տանում ռուս գործընկերների հետ»:

Հայաստանից ջերմոցային վարդեր արտահանող «Ռոզ Ֆիլդ» ընկերության հիմնադիր Աշոտ Հակոբյանն ասաց՝ թեև իրենց վարդերը սահմանն անցել ու արդեն ռուսական շուկայում են, բայց ընդգծեց՝ ռուսական կողմի այս զգուշացումն անհանգստացնում է իրեն: «Անելիքը կառավարության դաշտում է», - նշեց նա:

Ինչ վերաբերում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հորդորին, թե Հայաստանը պետք է ֆիտոսանիտարական հսկողությունն ուժեղացնի, հոլանդական վարդեր արտահանող ընկերության հիմնադիրն ասաց՝ մարզերում գործունեություն ծավալող ընկերություններին ավելի հարմար է, ոչ թե գալ ու Երևանում այդ ստուգումներն անցնեն, այլ միանգամից հենց Բագրատաշենի անցակետում, բայց անցած տարի, երբ գնացել են Բագրատաշեն, լաբորատորիան չի գործել:

Սննդի անվտանգության տեսչական մարմնից ասացին՝ լաբորատորիան գործել է, պարզապես ԵԱՏՄ հավատարմագրումն անցնելու խնդիր է ունեցել ու չի կարողացել սահմանը հատելու համար փաստաթուղթ տրամադրել: Հունիսի 3-ից արդեն, ասացին, 24/7 ռեժիմով լաբորատորիան աշխատում է:

Հայկական ալկոհոլ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու ՌԴ մտնելու թույլտվություն է ստացել. Պապոյան

Իսկ ինչ վերաբերում է շուրջ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, այսօր արդեն 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում: Պապոյանն ասում է՝ խնդիրը լուծվել է Հայաստանի կառավարության միջամտությամբ, վաղն էլ իր վրացի գործընկերոջ հետ նաև այս հարցը կքննարկի:

Էկոնոմիկայի նախարարն այդպես էլ չասաց՝ վրացի գործընկերներից պարզել են, թե ինչո՞ւ են շուրջ 50 օր հայկական ալկոհոլ տեղափոխող բեռնատարները պահել անցակետում, կամ ինչո՞ւ են որոշել, որ դրանց որակը իրենք պիտի ստուգեն, եթե Վրաստանը զուտ տարանցիկ երկիր է, իսկ ապրանքը վաճառվելու է Ռուսաստանում, ոչ թե իրենց շուկայում:շ

Ի տարբերություն Պապոյանի, սակայն, արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելով, ասաց՝ քննարկումներն իրենց նախարարության մակարդակով չեն արվում, բայց տեղյակ է, որ նաև օբյեկտիվ խնդիրներ կան այս ամենում:

«Խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստականորեն են առաջացվում, ու խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր», - նշեց ԱԳ նախարարը:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG