Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա «այսօր մեկնում է Վրաստան (...), հավանաբար՝ ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը», - իսպանական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Բորելը և հավելել. - «Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը»։
Հունգարիայի առաջնորդն առաջինն է շնորհավորել Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը:
Վարչապետ Օրբանը նախատեսում է Թբիլիսի ժամանել այսօր երեկոյան։ Նրա այցի օրակարգի մանրամասները դեռ հայտնի չեն։