Վերաքննիչ դատարանն այսօր սկսեց քննել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բողոքը: Արդեն կես տարի բանտում գտնվող Շիրակի թեմի առաջնորդը պահանջում է չեղարկել իրեն մեղավոր ճանաչած առաջին ատյանի դատարանի որոշումն ու արդարացնել:
Դատական նիստը, սակայն, ընդհատվեց դատախազների բացակայության պատճառով: Դատախազները հայտարարել են, որ պատշաճ ծանուցում չեն ստացել:
Երկու ամիս առաջ առաջին ատյանի դատարանը 2 տարվա ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդին իշխանության զավթման կոչի մեղադրանքով: Աջապահյանը մեղքը չի ընդունում, մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս դատական նիստի շրջանակում՝ պահանջելով 2.5 տարվա ազատազրկում 2-ի փոխարեն:
Հեղաշրջման կոչի հոդվածով կալանավորված Աջապահյանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով արքեպիսկոպոսը վերահաստատել է դեռ 2023-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը: Ընդ որում, 2022-ի հայտարարությունը, թեև բողոքին, իրավապահները հանցագործություն չէին որակել: «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն էր բողոք ուղարկել դատախազություն, ինչին ի պատասխան իրավապահները արձանագրել էին՝ հանցակազմ չկա:
Դատախազությունն իր դիրքորոշման փոփոխությունը բացատրել էր նրանով, թե ճիշտ է՝ Աջապահյանն այս մասին խոսել է 2023-ին, իսկ հետո վերահաստատել իր կարծիքը ոչ թե հուզական վիճակից ելնելով, այլ՝ «գիտակցված ու շարունակաբար», իսկ «այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման կողմից իշխանության զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում»:
Աջապահյանի փաստաբանները պնդում են՝ նա ընդամենն իր քաղաքական տեսակետն է հայտնել, և սա չի նշանակում, որ Շիրակի թեմի առաջնորդը մտադիր էր իրագործել իր տեսակետը: Ըստ փաստաբանների՝ իրավապահները պարզապես թիրախավորեցին Աջապահյանին իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավի շրջանակում:
Մեղքը չընդունող Շիրակի թեմի առաջնորդը վատառողջ է, վաղը նա կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Սրբազանն ի սկզբանե պահանջել է, որ իրեն վիրահատի իր բժիշկը այդ կենտրոնում: Իր առողջության հետ կապված հարցերին այսօր շատ կարճ պատասխանեց՝ հաստատելով, որ վաղը տեղափոխվելու է «Իզմիրլյան» ԲԿ:
Դեռ անցած շաբաթ նրա փաստաբաններն ահազանգել էին, որ նա վիրահատության կարիք ունի, բայց արդարադատության նախարարը պատասխանել էր, թե դիմում պետք է գրվի, որ կազմակերպեն վիրահատությունը: Հետո փաստաբանները հրապարակել էին տարբեր օրեր քրեակատարողական բժշկության կենտրոն ուղարկած իրենց երեք դիմումները, որոնց ի պատասխան առաջարկվել էր անվճար վիրահատություն պետության կողմից: Ի վերջո, վիրահատությունը «Իզմիրլյանում» կանցկացվի:
Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով՝ Միքայել սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսևորել, արդեն երկրորդ ամիսն է՝ հարցը չէին լուծում:
Մայր Աթոռը դատապարտել էր Աջապահյանին երկու տարի դատապարտելու որոշումը, հայտարարել՝ օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ «հասնելու նրա հանդեպ արդարության վերականգնմանը»:
Միքայել արքեպիսկոպոսից բացի, ճաղերի հետևում են ևս երեք բարձրաստիճան հոգևորականներ՝ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: