Կալանավորված մի քանի տասնյակ ընդդիմադիրներին, հոգևորականներին ազատ արձակելու պահանջով ընդդիմության ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության առջև։
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են պնդել՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, կալանավորված ընդդիմադիրներն իրենց քաղաքական հայացքների պատճառով են ճաղերի հետևում հայտնվել։
Ակցիայի մասնակիցները պաստառներ ունեին գորածար Սամվել Կարապետյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մյուս ընդդիմադիրների նկարներով:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն անցնում է մի քանի տասնյակից. «Մենք այսօր այստեղ ենք առաջին հերթին աջակցություն հայտնելու մեր հայրենակիցներին, ովքեր ապօրինաբար քրեական հետապնդման են ենթարկվում, ովքեր ապօրինաբար զրկված են անձնական ազատությունից, ովքեր այսօր էլ շարունակում են ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկվել ակնհայտ քաղաքական իրենց դիրքորոշումների և գործունեության համար», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիրների պարբերական կալանավորումների, քրեական գործերի օրինակները բերելով են պատգամավորները պնդում, թե իրավապահներն ու դատական համակարգը իշխանության ուղիղ վերահսկողության տակ են։
«Իրավապահ համակարգը իշխանությունների վերահսկողության տակ են և իրավապահ համակարգում, դատական համակարգում շատ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են անկախ ու անաչառ որոշումներ կայացնելու», - ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով.- «Ողջ ընդդիմադիր դաշտը պետք է լիարժեք համագործակցի, դրանք հետևյալ կետերն են. քաղբանտարկյալների պաշտպանություն և այս իշխանությունների կողմից բռնաճնշումների դիմադրելու համարժեք մեխանիզներ ստեղծել»։
Մինչդեռ իշխանություններն էլ իրենց հերթին պնդում են՝ Հայաստանում քաղբատարկյալներ չկան, քրեական հետապնդումները կոնկրետ քրեական հանցանքների հետքերով են.
«Բոլոր այն մարդկանց, որոնք նրանք անվանում են քաղբանտարկյալներ, բոլոր այդ մարդիկ կոնկրետ հոդվածներով հարցաքննվում են, կա՛մ կալանավորված են, կա՛մ դատական պրոցեսով են անցնում: Օրինակ, քաղբանտարկյալ են անվանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այդ մարդու դեպքում կա դատական օրինական դատարանի միջոցով արված ձայնագրություն, օրինական, որով ինքը այդ կաշառքը պահանջում է։ Հիմա թողնել իրեն ազա՞տ, ասել՝ լավ ինքը քաղաքական այլ հայացքներ ունի, ընդդիմություն է, թողենք հանկարծ մեզ չասեն՝ ռեպրեսիա է», - «Ազատության» հետ զրույցում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Ընդդիմադիրները, սակայն, չեն ընդունում իշխանականների հիմնավորումները, շարունակում են բարձրաձայնել «բռնաճնշումների ու քաղաքական հետապնդումների» մասին. «Այս իշխանությունը, որ հաճախ խոսում է ժողովրդավարությունից, ցանկացած ընտրություն կլինի դա Բրյուսովի համալսարանի ռեկտոր, թե համայնքի ղեկավար, եթե իր քիմքին հաճելի չէ, անմիջապես այլ որոշում է կայացնում ու այդ մարդիկ նվազագույնը պետք է բանտարկվեն, սա է ժողովրդավարության բաստիոն Հայաստանը», - ասաց այսօրվա ակցիայի մասնակից, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմությունը նոյեմբերին 26-ին էլ խորհրդարանական լսումներ է անցկացնելու «Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման» թեմայով, նաև հայտարարության նախագիծ են մշակել։ Լսումներին այսօր նաև Գլխավոր դատախազին հրավիրեցին։ Արծվիկ Մինասյանը պաշտոնական նամակ-հրավերը դատախազությանը հանձնեց։
Բողոքի ակցիայի մասնակցիներն այնուհետև քայլերթով շարժվեցին Երևանի Շենգավիթի դատարան, որտեղ ընթանում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դատական նիստը։