Երկու տարվա ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի, նրան հետազոտելուց հետո եզրակացրել են Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բժիշկները: Սա պարզ դարձավ երեկ, երբ Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակեց կենտրոնին ուղղված իրենց դիմումների պատասխանը:
«Խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, որից Աջապահյանը հրաժարվել է», - ասված է հրապարակված պատասխանում:
Որ իշխանության զավթման կոչի մեղադրանքով դատապարտված սրբազանին վիրահատություն է անհրաժեշտ, երեկ բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Դրան հաջորդել էր Արդարադատության նախարարի պնդումը, թե համապատասխան դիմում չեն ստացել, ստանան որևէ խոչընդոտ չի լինի, որ Միքայել սրբազանին տրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը:
«Այն դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել: Ես հանձնարարել եմ, որպեսզի, եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր տեղում կմոտենա իրեն, դիմումը կվերցնի և կներկայացնի ՊՈԱԿ-ին», - երեկ հայտարարել էր նախարար Սրբուհի Գալյանը:
Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանի հրապարակած փաստաթղթից, սակայն, պարզ է դառնում՝ պաշտպաններն առնվազն երեք դիմում ներկայացրել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն», ընդ որում՝ առաջին դիմումն ուղարկել են հոկտեմբերի 29-ին, հետո նոյեմբերի 6-ին և 10-ին: Արդեն նոյեմբերի 28-ին ստացել են պատասխան, որով սրբազանին առաջարկում են վիրահատվել պետության միջոցներով:
Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով. - «Այդ ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է մեզ, ընդ որում, միայն գրելով, որ Միքայել սրբազանը հրաժարվել է անվճար բժշկական օգնությունից: Մինչդեռ, մենք և՛ մեր դիմումներով, և՛ ամենասկզբնական դիմումով խնդրել էինք, որ Միքայել սրբազանի հաշվին վիրահատությունը կազմակերպվի հենց «Իզմիրլյան» ԲԿ-ում: Իմ տեղեկություններով՝ Միքայլե սրբազանին այդ ՊՈԱԿ-ից եկել են, տեսել են, նրան առաջարկել են որևէ այլ հիվանդանոցում վիրահատությունը կազմակերպվի, միայն «Իզմիրլյան» ԲԿ-ում չեն ցանկացել, մինչդեռ, Միքայել սրբազանն այնտեղ ունի բժիշկ, ախտորոշումն անցել է հենց այդ կենտրոնում և իր բուժման գործընթացը կազմակերպվել է հենց այդ կենտրոնում»:
Արա Զոհրաբյանի խոսքով՝ երկրորդ ամիսն է սրբազանի այս խնդրանքն անտեսված է: Զոհրաբյանի համար հասկանալի չէ, թե նախարարն ինչ նկատի ունի, երբ ասում է՝ ըստ սահմանված ընթացակարգի դիմում չի ներկայացվել:
«Մեզ, օրինակ, չեն ասել, որ մերժում ենք Ձեզ, որովհետև այս պայմանը չի ապահովվել կամ այլ պայման պետք է լիներ, այլ փաստաթուղթ: Ըստ էության, մեր հիմնական խնդրանքից իրենք խուսափել են պատասխանել կամ բավարարել՝ ուղղակի նշելով, որ անվճար բժշկական օգնություն են առաջարկել, ինչից Միքայել սրբազանը հրաժարվել է», - ասում է Արա Զոհրաբյանը:
Իշխանության սուր քննադատ բարձրաստիճան հոգևորականի պաշտպանական թիմը բանտարկվածների առողջությամբ զբաղվող պետական կառույցի կեցվածքը մտահոգիչ է որակում: Արա Զոհրաբյանն այսօր պնդեց՝ Միքայել սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսևորում, այլապես հարցին լուծում տալու իրենց ջանքերը արդեն երկրորդ ամիսն է ապարդյուն չէին մնա:
«Վերջին նամակագրությունը եթե նայենք, իրենք մեկ ամիս հետո են դրան պատասխանում և հստակ պատասխան էլ չեն տալիս: Ասում են՝ անվճար բժշկական օգնությունից հրաժարվել է, բայց մենք անվճար օգնության համար չենք էլ դիմել, ինչ կապ ունի դա: Սա էլ է խոսում հստակ խտրական վերաբերմունք Միքայել սրբազանի նկատմամբ», - շեշտում է փաստաբանը:
Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այցելել են քրեակատարողական հիմնարկի աշխատողներ և ներկայացրել, թե անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար ինչ ընթացակարգ է գործում և ինչպես պետք է դիմել: Դրանից հետո «Քրեակատարողական բժշկության կենտրոն» արդյոք նոր դիմում ներկայացվե՞լ է, այս ՊՈԱԿ-ից ճշտել չհաջողվեց: Սրբազանի պաշտպաններն այժ քննարկում են իրենց հետագա քայլերը:
Իրավապաշտպանի խոսքով՝ բանտերում կալանավորներն առհասարակ պատշաճ բուժօգնություն չեն ստանում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պաշտպանների, Արդարադատության նախարարի և մյուս պաշտոնյաների հայտարարությունները համադրելով՝ կարծում է՝ սրբազանին բուժօգնության տրամադրումը պետական մարմինները միտումնավոր են ձգձգում, Ալեքսանյանի խոսքով. - «Նույնիսկ իր փաստաբանը չէր ասել առողջական վիճակի մասին, նա ասաց, որ պետք է բժիշկը ասի, բայց Արդարադատության նախարարը առանց բժշկի որևէ գնահատականի ասում էր, որ նա ծայրահեղ վիճակում չէ: Եվ, ի վերջո, նա ստում էր՝ ասելով, որ դիմում չեն ստացել, ցանկություն չունեն բուժօգնություն ցույց տալու կամ իրենց քմահաճույքով է, նախարարի կամ իրեն թելադրողի քմահաճույքով է այս ամեն ինչը լինելու, եթե ընթացք տան բուժման»:
2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում մահվան 23 դեպք է գրանցվել, իրավապաշտպանի գնահատմամբ՝ բանտերում կալանավորներն առհասարակ պատշաճ բուժօգնություն չեն ստանում:
«Պատկերացրեք, որ այսպիսի վիճակ է ցանկացած կալանավորի հետ: Այս աղմկահարույց գործով, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող գործով, եթե իրենք բացահայտ ստում են և բացահայտորեն ձգձգում են տարբեր պատճառաբանություններով, պատկերացրեք՝ մյուս կալանավորների հետ ինչ է կատարվում», - ասում է իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը:
Արդարադատության նախարարը երեկ չէր հերքել՝ բանտերում մահվան դեպքերով մտահոգված են, բայց հարկ էր համարել ընդգծել՝ դրանք առավել շատ էին 2014-ից 2016 թվականներին: