Հոսպիտալացումից ավելի քան մեկ ամիս անց Վատիկանը կիրակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկար է հրապարակել՝ թիկունքից։
Լուսանկարը հավանաբար հիվանդանոցի մատուռում է արված: Վատիկանը հայտնել է, որ Ֆրանցիսկոսը կիրակի օրը քահանաների հետ այնտեղ պատարագ է մատուցել:
Վատիկանը չի հայտնել, թե երբ Պապը դուրս կգրվի հիվանդանոցից։ Ըստ հաղորդումների՝ չնայած նրա վիճակի բարելավմանը, ապաքինումը դեռ դժվար է ընթանում ու երկար ժամանակ է պահանջում։
Հռոմի պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին՝ շնչառության հետ կապված խնդիրերով, ավելի ուշ նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։
Փետրվարի 14-ից հետո Ֆրանցիսկոս պապը հանրության առաջ չի հայտնվել։ Միայն մարտի 7-ին կարճ աուդիոուղերձ էր հղել հավատացյալներին, որում շնորհակալություն էր հայտնել իր առողջության համար կատարած աղոթքների համար։ «Ես ձեզ հետ եմ այստեղից։ Թող Աստված օրհնի ձեզ, և Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն»,- ասել էր Հռոմի պապը։
Վերջին օրերին, ըստ Վատիկյանի, 88-ամյա Պապի վիճակը կայուն է, որոշակի բարելավում կա։