Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին, հայտնում է քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից:
Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնել է, որ ներկա պահին հայտնաբերվել է առնվազն 18 մարմին։ Երկու աղբյուր Reuters գործակալությանը հայտնել են, որ ջրից մի քանի մարմին է դուրս բերվել։
Կոլումբիայի շրջանի հրշեջ պահպանության և շտապ բժշկական օգնության դեպարտամենտի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը:
Վաշինգտոնի հրշեջ ծառայությունն առանձին հաղորդել Է, որ Ռեյգանի ազգային օդանավակայանի տարածքում Պոտոմակ գետի վրա մի փոքր ինքնաթիռ է ընկել, իսկ դեպքի վայրում հրշեջ նավակներ են եղել, բախումից հետո ջրից 4 մարդ է դուրս բերվել:
Չորեքշաբթի ուշ երեկոյան օդանավակայանը հայտնել է, որ Վաշինգտոնի շրջանում օդանավակայանի բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են:
ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են անցկացնում: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևում է իրավիճակին: